Առաջին դասարանցիների հայտագրումը կիրականացվի երեք փուլով: Առաջին երկուսն արդեն ավարտվել են. հայտագրվել է շուրջ 21 հազար երեխա: Օնլայն հայտը լրացնելուց հետո ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է գնան դպրոց, փաստաթղթեր ներկայացնեն և տնօրենի անունով դիմում լրացնեն: Սահմանված ժամկետում դպրոց չներկայանալու դեպքում բոլոր հայտերը կչեղարկվեն:
Արտակ Պողոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն) - Նախատեսվող առաջին դասարանցիների թիվը 40-41 հազար է, և դրանցից, ըստ մեր տարիների փորձի, ցույց է տալիս, որ հայտագրվում են 26-27 հազարը, որովհետև այն դպրոցները, որը բնակավայրում միակն է, բնական է, հայտագրման եղանակի միջոցով չեն ընտրում դպրոց:
Կապ չունի՝ դպրոցը քաղաքի կենտրոնո՞ւմ է, թե՞ ծայրամասում, բաշխումն արվել է այնպես, որ ծանրաբեռնվածությունը հավասարաչափ լինի: 2018 թվականից գործող համակարգով, եթե դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրացել են, ապա նախատեսված թվից ավելի աշակերտներ չեն կարող ընդունվել:
Արտակ Պողոսյան - Մենք կարողացանք հասնել նրան, որ մեր ծնողները հավասար պայմաններով անում են հայտագրում, այսինքն՝ որևէ ծնող այլևս խնդիր չունի գնալ, որևէ պաշտոնյայի կամ որևէ տնօրենի խնդրել, թե գիտեք՝ ես ուզում եմ իմ երեխան գա ձեր դպրոց, ու պատասխան ստանա, որ մենք տեղ չունենք: Այս ամենը կարևոր խնդիր էր, որ լուծվեց:
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Մեկ այլ փոփոխությամբ՝ հուլիսի 6-ից ավարտական դասարանների վկայականներն ու ատեստատները թվային են տրամադրվում: Այս տարի դպրոցն ավարտել է մոտ 55 հազար 9-րդ և 12-րդ դասարանցի: Նրանցից շուրջ 25 հազարն արդեն ավարտական փաստաթղթերի օնլայն տրամադրման հայտ են լրացրել:
Արտակ Պողոսյան - Թղթային տարբերակ չկա, այլևս չի լինելու, այսինքն՝ դպրոցը չի տրամադրելու: Թղթային տարբերակը կգործի միայն մինչև այս պահը տրամադրված ատեստատների կորստի դեպքում: Սա կօգնի այլևս չկորցնել ատեստատները, թույլ կտա խուսափել կեղծիքներից, որովհետև հնարավոր չէ կեղծ փաստաթուղթ գեներացնել, ստորագրել: Եթե նույնիսկ տպելուց հետո փորձեն կեղծել, կա QR կոդ, որի միջոցով համակարգը ցույց կտա, թե իրականում ում է պատկանում այդ փաստաթուղթը:
Այս փոփոխությամբ ֆինանսական տեսանկյունից պետությունն ամեն տարի կտնտեսի մոտ 70 միլիոն դրամ: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը նախատեսում է հետագայում թվային դարձնել նաև ուսումնարանների, քոլեջների ու բուհերի ավարտական փաստաթղթերը: