Այսօր Հայաստանում գրանցվեց այս ամառվա ամենաշոգ օրը՝ օդի ջերմաստիճանը հասավ 40-ի: Ըստ կանխատեսումների՝ մայրաքաղաքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի ու Վայոց ձոր նախալեռներում ցերեկային ժամերին նման իրավիճակը կպահպանվի մինչև հուլիսի 13-ը ներառյալ, իսկ հուլիսի 14-ից այս պրոցեսը առավել կակտիվանա:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Այսինքն՝ եթե հիմա էդ տաք օդը ընդգրկել է հանրապետության հովտային ու նախալեռնային գոտիները, այն զգալի մեծանում է, ու այս օրերի համեմատ շարունակելու է օդի ջերմաստիճանը բարձրանալ, այսինքն՝ եթե մենք հանրապետության ամենատաք գոտիներում սպասում ենք մինչև 40 աստիճան, ապա չի բացառվում, որ հուլիսի 15-16-ին Արարատում, Արմավիրում, մայրաքաղաքում ջերմաստիճանը մոտենա 42-ի:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով՝ հուլիսը առհասարակ հանրապետության տարածքում համարվում է ամենատաք ամիսը: Հիմնականում դեր են խաղում Արաբական անապատներից ներթափանցող արևադարձային տաք հոսանքները: Ըստ Սուրենյանի՝ այս տարվա շոգերը նախորդ տարիների շոգերից առանձնանում են զով երեկոներով: Շոգը բնակիչների համար անտանելի է դառնում, երբ երեկոյան ժամերին լեռնահովտային քամիները դադարում են:
Գագիկ Սուրենյան - Իսկ այս տարի մենք սպասում ենք, որ երեկոյան 6-ից, 7-ից հետո Երևանի, Արմավիրի, Արագածոտնի հատվածներում լեռնահովտային քամիների շրջանառությունը պահպանվում է, ու երբ դա առկա է՝ քամին, ցերեկվա տապը անմիջապես իջնում է քամին սկսելուց հետո, այսինքն՝ մենք կունենանք շոգ ցերեկ և զով երեկոներ:
Օգոստոսի կանխատեսումներ դեռևս չկան, բայց հուլիսը սովորականից շոգ է լինելու: Համեմատաբար զով ամառ կլինի Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում ու Գեղարքունիքում: Օդի ջերմաստիճանը չի գերազանցի 31-32 աստիճանը: Սուրենյանի խոսքով՝ 2010 թվականից ի վեր մեր երկրում զով ամառներ չեն գրանցվում: Բոլոր ամառները կլիմայական նորմայից բարձր են եղել: Տապությամբ աչքի են ընկել 2017, 2018 թվականները և նախորդ տարվա հունիսը: