ԲՐԱԶԻԼԻԱ
ԱՌՈՂՋԱՐԱՆ` ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մի տղամարդ պատրաստել է թռչունների առողջարան, որն իսկական դրախտ է դարձել մարդկանց փետրավոր բարեկամների համար:
53-ամյա Մարսելո Մաքսիմոյի հյուրերն ամբողջ քաղաքից թռչում են MM Resort Big Birds՝ բացօթյա ապաստարան, որտեղ կարող են ուտել, խմել, զովանալ և խաղալ:
Մարսելո Մաքսիմո (թռչունների առողջարանի հիմնադիր) - Իմ աշխարհն այստեղ է: Ես նախկինում չէի կարողանում բացատրել դա: Եթե կարողանայի Աստծուն խնդրել, որ նման աշխարհ եմ ուզում ինձ համար, չէի կարողանա բացատրել, որ հենց սա է ինձ հարկավոր: Բայց այն, ինչ նա ինձ տվեց, հենց այն է, ինչ ուզում էի:
Գաղափարը Մարսելոյի մեջ ծագել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ աշխատանքից ազատվելուց հետո սկսել է աշխատել տնից՝ կահույք վաճառելով առցանց:
Մարսելոն իր լափթոփով դուրս էր գալիս փողոց` աշխատելու, և իր կողքով անցնող մեծաթիվ թռչունների էր հանդիպում: Ահա թե ինչու է որոշել ապաստարան պատրաստել նրանց համար:
Սնվելու և հանգստի համար նախատեսված տարածքներից բացի՝ թռչուններն ունեն նաև խաղահրապարակ: Մարսելոն վստահեցնում է, որ ամբողջ քաղաքից մարդիկ են գալիս այստեղ` իր թռչուններին տեսնելու:
ՊԱԿԻՍՏԱՆ
ԿՈՎԻ «ԹՌԻՉՔԸ» ԿՈՒՐԲԱՆ ԲԱՅՐԱՄԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Մահմեդականների Կուրբան Բայրամ տոնին ընդառաջ Պակիստանում ամբոխ է հավաքվում նեղ փողոցներից մեկում` դիտելու, Կարաչի քաղաքում ամեն տարի անցկացվող արտասվոր ներկայացումը:
Նազիմաբադ թաղամասում գտնվող Սայեդ Էջազ Ահմադի տանիքի գոմից խոշոր եղջերավոր անասունները վերամբարձ կռունկով իջեցվում են ներքև՝ եռօրյա զոհաբերության տոնին ընդառաջ: Հարյուրավոր տեղացիներ են հավաքվում՝ արարողությանն ականատես լինելու համար: Այս տարի տանիքից երկու կովի են ցած բերել:
Սայեդ Էջազ Ահմադ (մատաղացու անասունների տերը) - Երբ կենդանիները փոքր են լինում, ես նրանց ստիպում եմ, որ աստիճաններով վերև բարձրանան, սակայն երբ մեծանում են, աստիճաններով իջնելն անհնար է դառնում: Ահա թե ինչու վերամբարձ կռունկ եմ վարձում, որպեսզի նրանց իջեցնեմ:
Տեղի բնակիչները, սովորաբար, մատաղացու անասուններին գնում են, սակայն Ահմադը ժամանակին որոշել էր իր տան կտուրին գոմ կառուցել և մատաղի համար սեփական անասուններին բազմացնել: Հետո այնքան էր տարվել այդ գործով, որ սկսել էր դրանք վաճառքի հանել:
Ավելի քան 18 տարի նա ամեն անգամ 5-6 կենդանու էր իջեցնում վաճառքի, այս անգամ, սակայն, որոշ հանգամանքներ նրան ստիպել են ընդամենը երկու կենդանու իջեցնել վաճառելու նպատակով: Եվ չնայած տանիքից իջեցվող կենդանու քիչ քանակին՝ մարդիկ հավաքվել են՝ ներկա լինելու այդ անչափ կարևոր արարողությանը:
ԿՈԼՈՒՄԲԻԱ
ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՎԱՆԱԿՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՊԵՍ ԵՆ ՀԱԳՆՎՈՒՄ
Կոլումբիայի Մոնիկիրա քաղաքի ավանակների փառատոնում դերերը, կարծես, փոխվել են. ավանակները մարդկանց պես հագնված են, իսկ մարդիկ մրցանակներ են շահում ավանակի պես զռալու համար:
Ավանակները շքերթով անցնում են քաղաքի փողոցներով: Նրանք ավանդական գլխարկներ, արքայադստեր հագուստ և վարդագույն գուլպաներ են կրում:
Մինչդեռ այդ ընթացքում նրանց ուղեկցող մարդիկ փորձարկում են իրենց թոքերը` զռալով որքան ուժ ունեն:
Այս փառատոնն իրականում նվիրված է շրջանի գյուղացի ֆերմերներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում ապավինում են ավանակների օգնությանը:
Նոհորա Լոպես (զբոսաշրջիկ) - Սա ավանդույթ է, մարդիկ միշտ ցանկանում են ներկա լինել այս փառատոնին: Ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ այս տոնին մասնակցելով՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր նախնիներին: Ամեն տեղ չէ, որ կարող ես ավանակների հանդիպել, իսկ Մոնիկիրայում այդ կենդանիներին շարունակում են օգտագործել գյուղատնտեսության մեջ:
Մոնիկիրայի բնակիչները վստահեցնում են, որ իրենց ավանակները շատ լավ պայմաններում են ապրում, լավ սնվում են, ազատ ժամանակ նույնիսկ վազվզում ու խաղում, նրանց այստեղ ոչ ոք վատ չի վերաբերվում:
ԼԻԲԱՆԱՆ
ԼԻԲԱՆԱՆՑԻ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՋՈՒԼՀԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Լիբանանի Չուֆ լեռներում ծվարած մի փոքրիկ գյուղում Հանա Ֆայադն իր մանկությունն անցկացրել է՝ լսելով ջուլհակների աշխատանքի ռիթմիկ ձայնը: Նրա տանը տասնամյակներ շարունակ մարդիկ ջուլհակագործությամբ են զբաղվել: Ֆայադի ընտանիքում այդ արհեստը փոխանցվել է երեք սերունդ, բայց նա վախենում է, որ այն կմեռնի իր հետ: Նա երեխաներ չի ունեցել, իսկ միակ եղբոր որդին ընտրել է ավելի բարձր վարձատրվող կոմերցիոն աշխատանք։
Հանա Ֆայադ (ջուլհակ) - Նախկինում մարդիկ կարողանում էին ապավինել իրենց արհեստին և դրա շնորհիվ գումար վաստակել ապրուստի համար: Իսկ այժմ այդ արհեստները հնանում են, անհետանում, քանի որ նոր սերունդը դրանցով հետաքրքրված չէ: Ուստի շարունակություն էլ չի լինելու:
Մոտ երեք տարի տևող տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ Լիբանանի բնակչության կենսամակարդակն աղքատության շեմից էլ ցած է իջել, քչերը կարող են իրենց թույլ տալ գնել Ֆայադի գունագեղ աշխատանքներից: Դրանցից յուրաքանչյուրի պատրաստման համար երբեմն 4 շաբաթ կարող է պահանջվել:
ԻՍՊԱՆԻԱ
ՏԻՐԱՆՈԶԱՎՐԻ ԿԵՐՊԱՐՈՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՑԼԱՄԱՐՏԻ ԴԵՄ
Կենդանիների իրավունքների պաշտպան 42 ակտիվիստ տիրանոզավրի կերպարով բողոքի ակցիա է անցկացրել Պամպլոնայում՝ ցլամարտի դեմ: Միջոցառումը կայացել է Սան Ֆերմինի փառատոնին ընդառաջ, որը հայտնի է ցլերի վազքով և երեկոյան ցլամարտերով:
Դինոզավրերի հանդերձանքով ակտիվիստները հետապնդել են մյուս ցուցարարներին, որոնք ավանդական սպիտակ հագուստով են և կարմիր շարֆ են կրում, ճիշտ այնպես, ինչպես իրական ցլավազքի ժամանակ:
Ցլերի Սան Ֆերմինի վազքի ժամանակ վազորդներին հետապնդում են հատուկ բուծված մարտական ցլեր, որոնք ունեն մինչև 600 կգ քաշ: Իսկ երեկոյան ցլերին օգտագործում են ցլամարտի ժամանակ, որտեղ կենդանիները մահանում են:
Բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցրել են, թե այս նախաձեռնությամբ ցանկանցել են մարդկանց հասկացնել, որ ցլավազքերն ու ցլամարտերն այլևս մոդայիկ չեն, և վաղուց արդեն ժամանակն է հրաժարվել դրանցից:
ԻՍՊԱՆԻԱ
ՊԱՄՊԼՈՆԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՑԼԱՎԱԶՔԻ ՓԱՌԱՏՈՆԸ
Անտեսելով տիրոնազավրերի բողոքի ակցիան՝ Պամպլոնայում, այդուհանդերձ, անցկացվել է հայտնի ցլավազքը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկամյա դադարից հետո սպիտակ հագուստով և կարմիր շարֆերով հազարավոր իսպանացիներ հեղեղել են Պամպլոնայի փողոցները:
Թեթև անձրևը նույնիսկ չի խանգարել տոնի մասնակիցներին, որոնք մեծ հաճույքով զվարճացել են ութ օր տևող փառատոնի ընթացքում: Այն, ի դեպ, հանրահռչակվել է Էռնեստ Հեմինգուեյի «Արևը նույնպես ծագում է» հայտնի վեպի շնորհիվ:
Հատուկ այս փառատոնին մասնակցելու համար բազմացված վեց հսկա ցլերը 800 մետր վազում են Պամպլոնայի նեղլիկ փողոցներից մեկով: Կենդանիների առջևից խելակորույս փախչում են վազորդները: Տպավորություն է, ասես, կենդանիները հենց նրանց են հետապնդում:
Հանգստյան օրերին անցկացվող այս ցլավազքերն առավել վտանգավոր են լինում՝ հավաքված մեծաթիվ բազմության պատճառով:
Պաբլո Կորտես (զբոսաշրջիկ) - Ես Հավայան կղզիներից եմ: Կորոնավիրուսից հետո առաջին անգամ եմ մասնակցում ցլավազքին: Լավ է, որ վերջապես վերադառնալու հնարավորություն ունեցանք: Այստեղի էներգիան ապշեցուցիչ է: Իմ ամբողջ կյանքի ընթացքում այսքան մեծ տոնախմբություն չեմ տեսել:
Փառատոնի ընթացքում, ընդհանուր առմամբ, ութ վազք է անցկացվում: Յուրաքանչյուրը տևում է 3-5 րոպե: Ցլավազքն ավարտվում է այսպես կոչված ցլահրապարակում, որտեղ կենդանիները հավաքվում են մինչև երեկոյան ցլամարտին նորից հայտնվելը: Հենց այդտեղ էլ կենդանիները կնքում են իրենց մահկանացուն:
Իհարկե, միջոցառումը պակաս վտանգավոր չէ նաև մարդկանց համար: Այս ամբողջ ընթացքում ցլավազքերից 16 մարդ է մահացել: Վերջին դժբախտ դեպքը տեղի է ունեցել 2009 թվականին, իսկ այս տարվա ցլավազքից հետո 6 հոգու տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
ՀՆԴԿԱՍՏԱՆ
ՌԻՉԱՐԴ ԳԻՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԴԱԼԱՅ ԼԱՄԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ
Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը միացել է Հնդկաստանի Դհարամսալա քաղաքում հավաքված հարյուրավոր բուդդայական հոգևորականներին և հավատացյալներին՝ նշելու Տիբեթի վտարանդի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի ծննդյան 87-ամյակը:
72-ամյա կինոաստղը դիտել է ավանդական պարային համարներ, ունկնդրել երաժշտական կատարումներ, որից հետո մասնակցել է ծննդյան տորթը կտրելու արարողությանը:
Գիրը խոստովանել է, որ 40 տարի առաջ Դալայ Լամային հանդիպելն ամբողջությամբ փոխել է իր կյանքը:
Ռիչարդ Գիր (դերասան) - Ես այսօր եկել եմ այստեղ հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու այն շենքը, որտեղ Վեհափառը զբաղվում է իր գործերով, որոնք անմահ են:
Ծննդյան տոնակատարությունները Ցուգլագխանգ բուդդայական տաճարում տեղի են ունեցել երկու տարվա ընդմիջումից հետո: Դադարը կապված էր կորոնավիրուսի համաճարակի հետ։
Դալայ Լաման Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել 1989 թվականին։
1959 թվականին չինական իշխանության դեմ ապստամբությունից հետո հոգևոր առաջնորդն իրեն աքսորել էր Հնդկաստան և այդ ժամանակվանից հիմնականում ապրում էր Հիմաչալ Պրադեշի Դհարամսալայում:
ՊԱԿԻՍՏԱՆ
56 ՍՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ ԱՅԾԻԿԸ
Սոցցանցերի որոշ աստղեր համբավ են ձեռք բերում արտաքինի շնորհիվ, մյուսները՝ կատակներով: Սիմբա անունով այս այծիկը համացանցը գրավել է իր զարմանալի երկար ականջների շնորհիվ: Դրանցից յուրաքանչյուրը 56 սմ երկարություն ունի, ավելին՝ ականջների աճը չի դադարել:
Սիմբան ապրում է Կարաչի քաղաքում: Նրա տերը՝ Մուհամեդ Հասան Նարեջոն Սիմբայի տվյալներն ուղարկել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչներին, որպեսզի իր սիրելի ընտանի կենդանին հայտնվի Գինեսի գրքում: Առայժմ պատասխան չի ստացել, սպասում է:
Ավելի քան մեկ ամիս առաջ ծնված Սիմբայի ականջների երկարությունը 48 սմ է եղել, դրանից հետո նրա ականջները 8 սմ աճել են և դեռ շարունակում են երկարել:
Այծիկի տերը մեծ պլաններ ունի Սիմբայի հետ կապված, նույնիսկ մտադիր է հոգ տանել, որպեսզի կենդանու չլինելու դեպքում արհեստական բազմացման շնորհիվ հնարավոր լինի Սիմբայի նման էլի այծի ձագեր ունենալ:
Մուհամեդ Հասան Նարեջո (երկար ականջներով այծիկի տերը) - Այժմ իմ այծիկը 34 օրական է: Այդ ընթացքում ես 95 հարցազրույց եմ տվել միջազգային և տեղական լրատվամիջոցներին: Յուրաքանչյուր լրատվական ալիք կամ թերթ ցուցադրում կամ տպագրում է մեր Սիմբայի նկարը: Չեմ կարծում, որ որևէ մարզիկ, քաղաքական գործիչ, դերասան, հաղորդավար կամ գերաստղ 34 օրական հասակում այնպիսի համբավ ձեռք բերած լինի, ինչպես մեր Սիմբան:
Մուհամեդն այծիկին օրական 3 անգամ կաթով է կերակրում: Ամեն ինչ անում է՝ կենդանու մասին հոգ տանելու և ականջների հատուկ խնամքը ապահովելու համար, որպեսզի կենդանու թռչկոտելու ժամանակ դրանք հանկարծ չվնասվեն: