2022 թվականի հուլիսի 8-ին ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ բնակավայրում տեղի ունեցած նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի բացման միջոցառմանը:
Եվրոպական միության, ՀՀ ԿԳՄՍ ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում բացված նախադպրոցական կրթական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը, ինչպես նաև համայնքի հոգևոր առաջնորդ Հայր Գրիգորիսը:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ յուրաքանչյուր երեխա, մասնավորապես՝ գյուղական փոքր համայնքներում, կրթության հնարավորություն պետք է ունենա:
«Այլընտրանքային ծառայությունների մոդելը, որն ամենահարմար տարբերակն է դարձել փոքր բնակչություն ունեցող համայնքների համար, ներդրվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից: Այսօր արդեն պետության միջոցներով ու աջակցությամբ հենց այս մոդելով իրականացվում են նմանօրինակ կենտրոնների ստեղծման ծրագիր: Անցյալ տարի պետության ծրագրով 10 բնակավայրում այսպիսի կենտրոններ են բացվել: Հարկ է նշել, որ ավելի քան 200 բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթությունը դեռևս հասանելի չէ, մինչև 2026 թ. կհիմնվեն նմանօրինակ կենտրոններ: 3-5 տարեկան երեխաների առնվազն 85 տոկոսը պետք է ընդգրկված լինի նախադպրոցական կրթության գործընթացում: Սա հրաշալի համագործակցություն է և կայուն ու շարունակական փոխգործակցության վառ օրինակ: Շնորհակալ ենք մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնության համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն իր ելույթում նշել է, որ Եվրամիությունը ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատում է ավելի լավ ապագա ստեղծել հատկապես մարզերի բնակիչների և երեխաների համար. «Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթության հասանելիություն, և այս հիմնարար իրավունքը պետք հասանելի լինի ամենավաղ տարիքից: Վաղ մանկական կրթությունը հետագա կյանքի հիմքն է: Հենց այդ տարիքում է երեխան ձեռք բերում ունակություններ ու ձիրքեր ամբողջ կյանքի համար: Հուսով եմ, որ այս կենտրոնը համայնքում ձեր գործընկերը կդառնա, կօգնի երեխաների զարգացման հարցում և ինչ-որ կերպ նաև կթեթևացնի ձեր հոգսերը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մարզի և Անտառամուտի ղեկավարությանն արդյունավետ համագործակցության համար:
Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանն ընդգծել է, որ 30 տարվա դադարից հետո իրականություն է դարձել անտառամուտցիների երազանքը. «Բոլորիս հետևողական ջանքերի և ներդրումների շնորհիվ կենտրոնը վերանորոգվել ու կահավորվել է, հագեցվել է մանկական խաղերով և գրականությամբ, արևային ջեռուցման համակարգով, իրականացվել են շարունակական վերապատրաստման ծրագրեր դաստիարակների համար: Ողջունելի է նաև, որ կենտրոնում աշխատելու են մեր համայնքի բնակիչները, ինչը նաև սոցիալական որոշակի խնդիրներ է լուծում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին»:
«Ապագան այսօր» ծրագրի շրջանակում նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոն է բացվել նաև Գեղասար բնակավայրում:
Նախադպրոցական ծառայությունների ստեղծումը համահունչ է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021-2025 թթ. համագործակցության ծրագրին, այն նպաստում է 2021-2026 թթ. պետական զարգացման ծրագրի կրթական նպատակների իրականացմանը: