Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, ԱԺ պատգամավորներ, այլ բարձրաստիճան այրեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, օլիմպիադայի միջազգային կազմկոմիտեի և ժյուրիի պատվիրակությունների անդամներ, ավելի քան 60 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:
«Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախանձախնդրությամբ: Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար` պատիվ եմ ունեցել ստորագրելու օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում»,- ելույթի խոսքում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ըստ Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի ընթացակարգի: Բեմ են բարձրացվել օլիմպիադայի դրոշը և գավաթը, որին հաջորդել է Հայաստան ժամանած բոլոր երկրների աշակերտական թիմերի շքերթը: Այնուհետև հնչեցվել է ժյուրիի անդամների երդման տեքստը:
Միջազգային հյուրերին գիտակրթական կարևոր իրադարձությամբ Հայաստանում ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը. «Անառարկելի է նաև, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը, և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության»։
Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին հյուրընկալության և հետհամաճարակային այս շրջանում միջոցառման կազմակերպումը ստանձնելու համար։ Նա նաև առանձնակի շնորհավորել է մասնակիցներին. «Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:
Այս առումով կարող եմ ասել` «Դուք բոլորդ հաղթողներ եք»:
Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այստեղ` այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով»։
Բացման հանդիսությունն ուղեկցվել է մշակութային կատարումներով:
Հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան: