ՊՈՒՏԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԷՄԲԱՐԳՈՅԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի դեմ շարունակվող պատժամիջոցները կարող են հանգեցնել էներգակիրների աղետալի թանկացման եվրոպացիների համար: «Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումները շատ ավելի մեծ վնաս են հասցնում սահմանող երկրներին»,- հայտարարել է կրեմլի առաջնորդն ու ընդգծել, որ պատժամիջոցների հետևանքներն առաջիկայում աղետալի են լինելու:
ԿԻԵՎԸ ԵՄ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
ԵՄ ռուսական գազի ծավալների մատակարարման կրճատումը փոխարինելու է ուկրաինական էլեկտրաէներգիայի ծավալների ավելացմամբ՝ հայտարարել է ՈՒկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, թե Ուկրաինան միացել է եվրոպական էներգահամակարգին և կարող է արագ ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչը կօգնի ռուսական գազի ներմուծման կրճատված մասն ուկրաինական էլեկտրաէներգիայով փոխարինելուն։ Նա հավելել է, որ ուկրաինական էլեկտրաէներգիան կարող է նոր էներգետիկ կայունություն ապահովել, իսկ դա նշանակում է, որ Եվրոպայում էներգիայի գինը կնվազի։
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը մրցապայքարի մեջ է մտել Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդի և վարչապետի պաշտոնի համար: Սունակը լքել էր իր պաշտոնը հուլիսի 5-ին՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ տարաձայնությունների պատճառով: Քանի որ 2019 թվականին խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի վերջին ընտրություններում հաղթել է Պահպանողականների կուսակցությունը, հաջորդ վարչապետն ընտրվելու է պահպանողականների թեկնածուներից: Ռիշի Սունակից բացի՝ հավակնորդների թվում են պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, արտգործնախարար Լիզ Թրասը, պետնախարար Փենի Մորդոնտը, առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը և այլն:
ՍԻՆՁՈ ԱԲԵԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ քաղաքական գործչի հարազատ՝ Սիմոնո-սեկի քաղաքում: Երեկվանից Ճապոնիայի նախկին վարչապետի սպանության վայր քաղաքացիների հոսքը չի դադարել:
Սինձո Աբեի սպանությանն անդրադարձել են աշխարհի տարբեր երկրների առաջնորդները: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ապշած, վրդովված ու խորապես վշտացած է Ճապոնիայի նախկին վարչապետ վրա կատարված հարձակման հետևանքով: «Սա ողբերգություն է Ճապոնիայի համար»,- ընդգծել է սպիտակ տան առաջնորդը: Կանադայի վարչապետը Ճապոնիայի նախկին վարչապեի սպանությունը որակել է՝ սարսափելի անհանգստացնող, կոչ արել աշխարհին միավորվել ու խստիվ դատապարտել բռնության ցանկացած դրսևորում: Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Աբեի հիշատակը: