ԼԱՐՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ
Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահական նստավայրը. դեռ պաշտոնական հաստատում չկա: Աշխարհի առաջատար լրատվամիջոցների տարածած տեսանյութերից պարզ է դառնում, որ նախագահի նստավայրը տասնյակ հազարավոր ցուցարարների վերահսկողության տակ է: Լրատվամիջոցների հայտնում եմ, որ երկրի ղեկավար Գոթաբայի Ռաջապաքսը երեկ արդեն լքել է նստավայրը:
Ցույցերի մասնակիցները ներխուժել են նաև ֆինանսների նախարարության շենք: Դժգոհության ակցիայի մասնակիցները բողոքում են երկրի տնտեսական վիճակից: Կառավարության տնտեսական քաղաքականությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ մեքենաներով, ավտոբուսներով շարժվում են դեպի մայրաքաղաք։ Մասնագետների գնահատմամբ՝ Շրի Լանկայում գնաճը հասել է մինչև 70%-ի. երկրում սննդամթերքի, դեղամիջոցների, վառելիքի լուրջ սղություն է արձանագրվել:
1948 թվականից ի վեր Շրի Լանկայում սա ամենալուրջ տնտեսական ճգնաժամն է։ Այն սկսվել է համաճարակի պատճառով օտարերկրյա զբոսաշրջության նվազման հետևանքով, ինչը հանգեցրել է երկրում արտարժույթի պահուստների դեֆիցիտի։ Շրի Լանկայի վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Երկրի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախագահ Ռաջապաքսին կոչ են արել հրաժարական տալ:
ԲԼԻՆՔԵՆԸ ՄՏԱՀՈԳ Է ՊԵԿԻՆԻ ՉԵԶՈՔ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի հետ 5 ժամ տևած բանակցություններից հետո՝ նախքան Թաիլանդ, Բանգկոկ մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիս է հրավիրել Բալի քաղաքում: Էնթոնի Բլինքենը մտահոգութուն է հայտնել ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանում Պեկինի չեզոք դիրքորոշման կապակցությամբ:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է չեզոք լինել ագրեսիայի հանդեպ»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարն ու հիշեցրել, որ Ուկրիանայում Ռուսաստանի հատուկ գործողությունից անցել է արդեն 4 ամիս, իսկ Չինաստանը դեռ կանգնած է Ռուսաստանի կողքին, դրական է արձագանքում ռուսական քարոզչությանն ամբողջ աշխարհում՝ պաշտպանելով Մոսկվային միջազգային կազմակերպություններում: Խոսելով G20 երկրների արտգործնախարարների հանդիպման մասին՝ Բլինքենը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի արտգործնախարարը վաղաժամ լքել է հանդիպումը, քանի որ, պետքարտուղարի խոսքով, Մոսկվան հասկացել է, որ ամբողջ աշխարհն արդեն տեսնում է Ռուսաստանի ոճրագործությունները: Վաշինգտոնը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Կիևին՝ հաստատել է Էնթոնի Բլինքենը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ լրացուցիչ 368 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի ՈՒկրաինային:
ԵՄ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻՑ ՄԻԱՆԱԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Եվրամիությունը չի պահանջում Մոլդովայից միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն կարևոր է համարում հանրապետության զարգացումն այս ուղղությամբ` հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյքսը: Նա շեշտել է, որ չնայած հստակ պահանջ չկա, բայց ԵՄ ուրախ կլինի տեսնել, որ Մոլդովան միանում է պատժամիջոցներին: ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ կառույցում ակնկալում են, որ թեկնածու երկրներն աստիճանաբար կմոտեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականությանը։
ԼԻՏՎԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔ
Լիտվան Ուկրաինային է փոխանցել թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ողջունում ենք Ուկրաինայում լեգենդար «Բազե» «Բայրաքթարը»»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պաշտոնյան: Նա շնորհակալություն է հայտնել Լիտվայի ժողովրդին և անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությանը։ «Բազե» անունը ԱԹՍ-ն ստացել է Լիտվայում, ուր տեղափոխվել էր հուլիսի 4-ին։ Լիտվան նախատեսում էր Թուրքիայից գնել մարտական անօդաչու սարքն այն գումարով, որը հավաքել էին երկրի բնակիչները՝ Ուկրաինային փոխանցելու նպատակով: Սակայն ընկերությունը հայտարարել է, որ «Բայրաքթարն» անհատույց կփոխանցի Լիտվային։