Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն երկրում զանգվածային բողոքների ֆոնին համաձայնել է հրաժարական տալ:
Նա կարծիք է հայտնել, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նոր կառավարությունը պետք է ձևավորվի ներկայիս կառավարության հեռանալուց անմիջապես հետո, որպեսզի շարունակի բանակցությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Կոլոմբոյին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցով:
Ավելի վաղ Շրի Լանկայի բնակիչները զանգվածային անկարգություններ են կազմակերպել տնտեսական խնդիրների, վառելիքի գների աճի պատճառով: Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները հրկիզել են նաև վարչապետի մասնավոր կեցավայրը:
Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում պայմանավորված է արտարժույթի դեֆիցիտով, ինչի պատճառը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով զբոսաշրջային հոսքի կտրուկ նվազումն է: Շրի Լանկան չի կարողանում բավարար վառելիք գնել: Հայտարարվել է դեֆոլտ: