Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսները ներկայացրել են օլիմպիադայի ծրագիրը, ընթացակարգը, հաստատված օրակարգը և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների նշանակությունը մեր երկրի համար, ասել է. «2018 թ. երբ որոշում կայացվեց մեր երկրում անցկացնել օլիմպիադան, այն համընկավ շատ դժվարին ժամանակաշրջանի հետ՝ «Քովիդ-19» համավարակ, պատերազմ, բայց օլիմպիադայի կազմակերպման աշխատանքները, ի պատիվ կազմակերպիչների, չտուժեցին, ոչ մի գործողություն թերի չմնաց։ Դրանք իրականացվել են ամբողջ ծավալով, և ամբողջ ֆինանսավորումը հատկացվել է: Օլիմպիադայի կազմակերպումն առաջնահերթություն էր մեզ համար: Շատ կարևոր է նաև օլիմպիադայի բնագիտական ուղղվածությունը, քանի որ կրթության զարգացման համար ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության վրա հատուկ շեշտադրում է արված»:
Ըստ փոխնախարարի՝ Կառավարության պետական քաղաքականության մեջ կրթության և գիտության դերը հատուկ շեշտադրում ունի:
Աշնանը Հայաստանում անցկացվելու է նաև միջազգային «STARMUS VI» փառատոնը: «Կառավարության կողմից քաղաքականություն է տարվում մեր երկիրը կրթական, գիտական և մշակութային միջազգային հարթակ դարձնելու ուղղությամբ: Մենք կարևորում ենք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի անցկացումը, որը դառնում է Կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր հանգրվան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ իրականացվող միջոցառումները բովանդակային առումով համահունչ են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին. «Հանրակրթության նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, նախատեսվում է ՀՀ դպրոցներում ստեղծել բնագիտական լաբորատորիաներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում ավելի լավ կրթական արդյունքներ ունենալու բնագիտական ոլորտներում»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շեշտելով Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային կարևորությունը ՀՀ գիտության և կրթության ոլորտների համար, նշել է. «Հսկայական աշխատանք է տարվել թե՛ ՀՀ կառավարության, թե՛ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, թե՛ Երևանի պետական համալսարանի և կազմկոմիտեի կողմից, որպեսզի այս օլիմպիադան պատշաճ մակարդակով անցկացվի Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, համավարակից հետո բավականին խորհրդանշական է հենց կենսաբանության օլիմպիադայի անցկացումը ՀՀ-ում, որովհետև դրա կարևորությունը բազմիցս շեշտվել է․ տարբեր տեսակի վիրուսների կանխարգելման և տարատեսակ հիվանդությունների բուժման հետ կապված՝ կենսաբանությունը էական դեր ունի, և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մասնակցում է միջազգային բազմաթիվ ծրագրերի, ֆակուլտետի գիտական հանրույթի կատարած աշխատանքները հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, և այդ տեսանկյունից պատահական չէր նաև օլիմպիադայի անցկացման համար Երևանի պետական համալսարանի ընտրությունը։ Այս օլիմպիադան միայն միջազգային միջոցառում չէ. այն մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի թե՛ տնտեսության, թե՛ գիտության և կրթության համար, որովհետև օլիմպիադայի կազմակերպիչ երկիր մի քանի օրվա ընթացքում մուտք են գործում ավելի քան 500 մասնակիցներ՝ մի քանի տասնյակից ավելի երկրներից, իրենց մարզիչների հետ, որոնք մասնակցելու են բոլոր փորձերին, աշխատանքներին, և դա բավականին մեծ օգուտ է բերելու մեր կրթական համակարգին։ Հավելեմ, որ համատեղ ջանքերով ամեն ինչ ապահովվեց։ Այս համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ իրականացնել իրապես ծավալուն ու մեծ աշխատանք»։
«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանն նշել է, որ Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից: «Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, իսկ տեսականը՝ հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության»,- մանրամասնել է Գայանե Ղուկասյանը:
Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում են Երևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն: Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022 թվականի հուլիսի 10-ին: Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է OlyExams ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ: Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, նրանց կհանձնվեն մեդալներ։
Կենսաբանության միջազգային օլիմպիադան ( International Biology Olympiad ) միություն է, որը դպրոցականների համար կազմակերպում է «Կենսաբանություն» առարկայի ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը` Կենսաբանության միջազգային օլիմպիադան (ԿՄՕ): Օլիմպիադան իրականացվում է դեռևս 1990 թվականից և ներկայում ունի 78 անդամ պետություն:
2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին դարձել լիիրավ անդամ: 2009 թվականից ի վեր` ԿՄՕ-ին Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ: ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այն միջմասնագիտական դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։
Ընդհանուր առմամբ` կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ տվյալների կառավարման համար: Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։
Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է: