Մարզահամերգային համալիրում աշխատանքային իրարանցում է: Պատրաստվում են առաջին անգամ Հայաստանում կայանալիք կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային: Սեղանները դրված են՝ հստակ սահմանված հեռավորությամբ:
Հեռավորությունն ընտրել են համավարակի պայմաններից. 1.5 մետր ապահովենք:
Օլիմպիադային մասնակցելու համար արդեն վաղը մեր երկիր կժամանեն 64 երկրի աշակերտական թիմեր: Այդ թվում նաև ժյուրիի անդամները՝ մեծ պատվիրակությամբ՝ ավելի քան 240 հոգի: Օլիմպիադային կմասնակցի նաև 3 դիտորդ երկիր: Կրթական կարևոր միջոցառմանը երկար են պատրաստվել՝ ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Պատահական չէ, որ միջազգային օլիմպիադաների անցկացման տրամաբանության մեջ հենց բնագիտական ուղղության շեշտադրումն ենք ընդգծել, որովհետև բնագիտական տեխնելոգիական ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղության զարգավումը կրթության զարգացման առանջնահերթություններից է:
Մրցույթը Հայաստանում անցկացնելու որոշումը Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիան դեռ 2018-ին Թեհրանում էր ընդունել: Բայց համավարակի պատճառով միայն այս տարի է հնարավոր եղել կազմակերպել: Ամեն երկրի թիմում 4 մասնակից կա: Հայաստանի թիմը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով: Մասնակիցներից երեքը «Հերացի» ավագ դպրոցից են, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Նմանատիպ օլիմպիադան մեկանգամյա միջոցառում չէ, ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ թե՛ տնտեսության, թե՛ գիտության ու տնտեսության համար: Երկու-երեք օրվա ընթացքում ժամանելու է մոտ 500 մասնակից տարբեր երկրներից, մարզիչների հետ մասնակցելու են ամբողջ փորձերին:
Օլիմպիադան պետական ֆինանսավորմամբ է անցկացվելու: Կազմակերպչական աշխատանքներն էլ համակարգում են կրթական գերատեսչությունը, Երևանի պետական համալսարանն ու Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն: Միջոցառման ընթացքում լաբորատոր փորձեր անելու հատուկ սարքեր են գնվել, որոնք օլիմպիադայից հետո կտրամադրվեն կրթական հաստատություններին:
Ժաննա Անդրեասյան - Կառավարության կողմից շարունակական քաղաքականություն է վարվում միջազգային նշանակության միջոցառումները Հայաստանում կազմակերպելու և Հայաստանը նման միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ: Այս առումով շատ կարևորում ենք կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացումը:
Օլիմպիադայի բացումը տեղի կունենա վաղը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ գիտելիքների ստուգատեսը կանցկացվի համալիրի այս սրահում՝ հուլիսի 12-ին և 14-ին: Կլինեն տեսական և գործնական աշխատանքներ: Տարածքում համացանցի հասանելիություն չկա, յուրաքանչյուր մասնակցի էլ տրվելու է 7 ժամ: Այս տարի գնահատման մեթոդաբանությունում փոփոխություն է եղել:
Գայանե Ղուկասյան (Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ) - Եղել է՝ ձեռքով են ստուգվել: Մենք այս տարի որոշել ենք՝ ձեռքով ոչինչ չեն ստուգելու, մարդկային գործոնը բացակայելու է:
Միջազգային ժյուրին օլիմպիադայի ընթացքում քննական այս տարածքում չի լինի: Աշխատելու է գաղտնիության պայմաններում: Մեդալակիրներն էլ պարզ կլինեն արդեն հուլիսի 17-ին՝ միջոցառման փակման օրը: