Խոշտանգումների, կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը այսուհետ կքննվեն Քննչական կոմիտեում. պատճառը օրենսդրական փոփոխություններն են:
Արսեն Այվազյան (Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե ձևավորվել էր քննելու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը: Սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի գերծանրաբեռնվածության պայմաններում վերջին շրջանում հարց առաջացավ բեռնաթափելու այդ ծանրաբեռնվածությունը, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն կարողանա ըստ էության իր բուն գործով զբաղվել:
Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններից հետո հակակոռուպցիոն կոմիտեն քննում է միայն պետական և հանրային ոլորտի կոռուպցիոն հանցագործությունները: Բացի այդ՝ մինչ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, Հատուկ քննչական ծառայությունը քննում էր խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերը, ձևավորումից հետո այն փոխանցվել էր Ազգային անվտանգության ծառայությանը:
Արսեն Այվազյան - Վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ արդեն Ազգային անվտանգության ծառայությունից խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերը փոխանցվում են Քննչական կոմիտեի ենթակայությանը:
Քննչական կոմիտեն Հայաստանում այսօր գործող 4 քննչական նախաքննական մարմիններից ամենամեծն է, քննում է քրեական գործերի մոտ 95 տոկոսը՝ նշում է Արսեն Այվազյանը: Խոսելով կոմիտեի ծանրաբեռնվածության մասին՝ Քննչական կոմիտեի փոխանագահն ասում է՝ դա հաղթահարել ստացվում է տարածքային ստորաբաժանումների ուժերի միջոցով:
Արսեն Այվազյան - Միայն Քննչական կոմիտեն է, որ ունի տարածքային ստորաբաժանումներ և բաշխվածությունն այս գործերի տարածքներում մարզերում, Երևանի վարչական շրջաններում ավելի արագացնում է գործերի քննությունը, ավելի հեշտացնում է գործերի քննությունը և դրանով պայմանավորված համոզված եմ այս վերջին օրենսդրական փոփոխությունները չեն կարող էական ազդեցություն ունենալ քննիչների ծանրաբեռնվածության առումով:
2021 թվականի դրությամբ՝ Քննչական կոմիտեն քննել է ավելի քան 40 հազար քրեական գործ: Այվազյանը վստահեցնում է՝ չնայած ծանրաբեռնվածության մեծացմանը՝ բոլոր քրեական գործերով իրականացվելու է պատշաճ քննություն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան