ՇՐԻ ԼԱՆԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՒՆԵՆԱ
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տասնյակ հազարավոր ցուցարարներ գրավել են նախագահի նստավայրը: Տեղի է ունեցել քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցություն` օրենսդիր մարմնի խոսնակի նախագահությամբ: Որոշվել է, որ Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յպա Աբեյվարդենան կդառնա երկրի նոր ղեկավարը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։
Նախագահի քարտուղարի խոսքով` դեռ հայտնի չէ, թե ներկայում որտեղ է նա։ Անկարգությունների ֆոնին հրաժարական է տվել նաև Շրի Լանկայի վարչապետը: Ցույցերի մասնակիցները ներխուժել են նաև Ֆինանսների նախարարության շենք: Դժգոհության ակցիայի մասնակիցները բողոքում են երկրի տնտեսական վիճակից: Կառավարության տնտեսական քաղաքականությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ մեքենաներով, ավտոբուսներով շարժվում են դեպի մայրաքաղաք։ Մասնագետների գնահատմամբ՝ Շրի Լանկայում գնաճը հասել է 70%-ի. երկրում սննդամթերքի, դեղամիջոցների, վառելիքի լուրջ սղություն է արձանագրվել:
1948 թվականից ի վեր Շրի Լանկայում սա ամենալուրջ տնտեսական ճգնաժամն է։ Այն սկսվել է համաճարակի պատճառով օտարերկրյա զբոսաշրջության նվազման հետևանքով, ինչը հանգեցրել է երկրում արտարժույթի պահուստների դեֆիցիտի։
ԲԼԻՆՔԵՆԸ ՄՏԱՀՈԳ Է ՊԵԿԻՆԻ ՉԵԶՈՔ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի հետ 5 ժամ տևած բանակցություններից հետո՝ նախքան Թաիլանդ, Բանգկոկ մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիս է հրավիրել Բալի քաղաքում: Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանում Պեկինի չեզոք դիրքորոշման կապակցությամբ:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է չեզոք լինել ագրեսիայի հանդեպ»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարն ու հիշեցրել, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից անցել է արդեն 4 ամիս, իսկ Չինաստանը դեռ կանգնած է Ռուսաստանի կողքին, դրական է արձագանքում ռուսական քարոզչությանն ամբողջ աշխարհում՝ պաշտպանելով Մոսկվային միջազգային կազմակերպություններում:
Խոսելով G20 երկրների արտգործնախարարների հանդիպման մասին՝ Բլինքենը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի արտգործնախարարը վաղաժամ լքել է հանդիպումը, քանի որ, պետքարտուղարի խոսքով, Մոսկվան հասկացել է, որ ամբողջ աշխարհն արդեն տեսնում է Ռուսաստանի ոճրագործությունները:
Վաշինգտոնը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Կիևին, հաստատել է Էնթոնի Բլինքենը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ լրացուցիչ 368 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի ՈՒկրաինային:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ Կիևին ժամանակին ռազմական օգնություն ցուցաբերելը թույլ կտա մարտական գործողություններն ավարտել մինչև 2022 թվականի վերջը: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Ուկրաինա:
«Ուկրաինացիներն աջակցում են ԱՄՆ-ին, ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը շատ բարձր է, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների նկատմամբ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ԻՐԱՔՈՒՄ ՇՈՒՐՋ 2 000 ԶԻՆՅԱԼ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ. ԱՔԱՐ
Թուրքիան տարեսկզբից Քրդստանի աշխատավորական կուսակցության գրեթե 2 հազար զինյալ է ոչնչացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում անցկացրած գործողությունների ընթացքում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Տարեսկզբից Սիրիայի և Իրաքի հյուսիսում չեզոքացվել է 1999 զինյալ, որոնցից 277-ը՝ Հյուսիսային Իրաքում։ Մենք կշարունակենք գործողությունները մինչև նրանց լիակատար ոչնչացումը»,- ընդգծել է Աքարը:
Նրա խոսքով՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական ճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի զինյալների ակտիվությունն աճում է Մանբիջի և Թել Ռիֆաաթի շրջաններում:
ԲԵՆ ՈՒՈԼԵՍԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո համարվում էր վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու իշխող կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնների համար պայքարին։ Նա նշել է, որ նման որոշում է կայացրել ընտանիքի և գործընկերների հետ երկար քննարկումներից հետո։ Քաղաքագետները կարծում են, որ Բեն Ուոլլեսից հետո ամենահավանական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է։ Նրան հաջորդում են առևտրի նախարարի տեղակալ Փեննի Մորդոնտը և արտգործնախարար Լիզ Թրասը։