Խորենացի փողոցում գտնվող այս դիտահորից արդեն 1.5 ամիս կոյաջուր է դուրս գալիս: Թեև հոսքը թույլ է ու դեպի փողոցի ուղղությամբ, բայց բնակիչներին տհաճություն և անհարմարություն է պատճառում:
Նաիրա Գրիգորյան (բնակիչ) - Երեկոյան կողմ ինքն ավելի շատանում է: Առավոտյան մի քիչ ավելի քիչ է, բայց հոտն է սպանում, սենց ո՞նց կլինի:
Հարակից սեփական տնից մինչև դիտահոր հասնող կոյուղու հատվածը պատկանում է Նելլի Խաչատրյանին: Նրա խոսքով՝ իր տնից մինչև կենտրոնական գիծը ամեն ինչ սարքին է:
Նելլի Խաչատրյան (բնակիչ) - Խնդիրը մերը չի, փողոցի վրա է ու երկար ժամանակվա խնդիր է: Մենք մեր միջոցներով քանի անգամ, անթիվ-անհամար անգամ մեր ուժերով այդ դիտահորը բացել ենք, մաքրել ենք, ինչը որ հնարավոր է, մենք արել ենք:
Բնակիչների դիտարկմամբ՝ խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը», մի քանի անգամ դիմել են կազմակերպությանը: Ընկերությունից, սակայն, նշում են՝ շահագործվող կոյուղին Խորենացի 98 հասցեի ներքին ցանցն է:
Մխիթար Գալստյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ) - Այդ կոյուղագծի սպասարկումը, շահագործումը, համաձայն ՀԾԿՀ 378 որոշման, իրականացվում է սեփականատերերի կողմից:
Մխիթար Գալստյանի խոսքով՝ խնդրի մասին բնակիչներից տեղեկանալուց անմիջապես հետո տրամադրել են նաև կոյուղու վերակառուցման սխեման և այդտեղ այլևս որևէ գործառույթ չունեն:
Մխիթար Գալստյան - Իրենք դրանով դիմել են Երևանի քաղաքապետարան, ստացել են քանդման թույլտվություն, բայց մինչև օրս աշխատանքները չեն կատարել:
Նելլի Խաչատրյան - Մենք մեր ուժերով շատ ենք արել: Հիմա էլ արդեն խնդիրը մեծացել է:
Մինչև կողմերը մտածում են, թե ով պետք է լուծի կոյաջրի հարցը, այն արդեն խնդիր է դարձել նաև երթևեկության համար: Բնակիչները ցույց են տալիս ասֆալտի վրա գոյացած փոսը, դրա մեջ ընկնող մեքենաներն ու ասում՝ կոյաջրի հետևանքն է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան