Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ 5 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիս է հրավիրել Բալիում: Նա մտահոգութուն է հայտնել ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում Պեկինի չեզոք դիրքորոշման կապակցությամբ:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է չեզոք լինել ագրեսիայի հանդեպ»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարն ու հիշեցրել, որ Ուկրիանայում Ռուսաստանի հատուկ գործողությունից անցել է արդեն 4 ամիս, իսկ Չինաստանը դեռ կանգնած է Ռուսաստանի կողքին, պաշտպանում է Մոսկվային միջազգային կազմակերպություններում:
Խոսելով G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման մասին՝ Բլինքենը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ լքել է հանդիպումը, քանի որ Մոսկվան հասկացել է, որ ամբողջ աշխարհն արդեն տեսնում է Ռուսաստանի ոճրագործությունները:
Արձագանքելով Լավրովի մեկուսանալու վերաբերյալ Բլինքենի հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե ԱՄՆ պետքարտուղարը «հեքիաթներ է հորինում» սեփական ձախողումներն արդարացնելու համար: