Դաշտամիջյան ճանապարհները լուրջ դժվարություններ են ստեղծում հատկապես բերքահավաքի օրերին: Պտուղ-բանջարեղենով բեռնված մեքենաները մինչև հաղթահարում են ճանապարհի անհարթությունները, ապրանքը որակազրկվում է, կորցնում տեսքը: Գյուղացիների բերքը անվնաս տեղափոխելու համար Արմավիր համայնքի 10 գյուղում հարթեցնում են դաշտամիջյան ճանապարհները. յոթ համայնքում աշխատանքն արդեն ավարտվել է: Մնացածն ընթացքի մեջ է: Միայն Լուկաշինում պատրաստվում են ուղղել մոտ 13 կմ ճանապարհ: Գործի միայն կեսն է այս պահին արված, բայց հողի մշակն արդեն գոհ է:
Ռուբիկ Դավթյան (Լուկաշինի բնակիչ) - Առաջ շատ դժվար էր, ցեխ էր, փոս էր, տուկը շուռ էր գալիս, հիմա այնքան լավ է, որ ուզում ենք մեքենաները փոխենք:
Սարգիս Գրիգորյան (Լուկաշինի բնակիչ) - Առաջ անանցանելի էր, հիմա շատ լավ է: Առաջ էս մեքենայով դաշտ չէի գալիս, հնով էի գալիս, որ չվնասեի:
Փոսերը փակում են հողով, իսկ փոշու հաստ շերտի տակ մնացած հատվածները հեռացնում են: Լուկաշինում նաև լայնացնում են ճանապարհները, որոնք տարիներով չմաքրված աղբի և առուներից դուրս նետված հողի պատճառով ավելի նեղ էին դարձել:
Գևորգ Զեյնալյան (Լուկաշինի վարչական ղեկավար) - Փողոցն իր նախկին չափի մեջ լայնացնում ենք: Տարիների ընթացքում հող է կուտակվել, ցեխի մի կողմի վրա է կուտակվել, մի ուղով գնացել է ճանապարհը: Բայց հիմա հնարավորություն կա բացը լիացնելու, լրացնում ենք:
Ամեն տարի, բերքահավաքին ընդառաջ, Արմավիր համայնքում կմաքրեն և կհարթեցնեն դաշտով անցնող ճանապարհները, որ գյուղացին բերքը տեղափոխելիս չդժվարանա: Այս տարի նախատեսվել է հարթեցնել 80 կմ ճանապարհ: Արմավիրի ղեկավարի ասելով՝ համայնքների խոշորացումը նպաստում է գյուղերի զարգացմանը: 2023-ին, օրինակ, ըստ Կառավարություն ներկայացված համաֆինանսավորման հայտի, Արմավիրում շինարարական աշխատանքների բում է լինելու:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Էն ծավալը, որ ընդգրկել ենք շինաշխատնքներ կատարելու, անհնար կլիներ գյուղերում, եթե խոշորացումը չլիներ: Խոշորացումը հրաշալի գործիք է, որով համայնքներն ուղղում են իրենց մեջքը:
Արմավիրցիները, ի դեպ, ծիրանի իրացման խնդիր դեռ չունեն: Երբ Լարսը մի քանի օրով փակվեց, իրենք բերքը դեռ չէին հավաքել, իսկ ովքեր բերքահավաքն ավելի շուտ էին սկսել ու պատրաստ էին արտահանելու, պահեստավորեցին, որ հետո վաճառեն:
Դավիթ Խուդաթյան - Շնորհիվ մթերողների ու սառնարանային տնտեսությունների, որոնց շնորհվ Լարսի փակվելը չանդրադարձավ մեր վրա, պահեստավորեցին, կիրացնեն ավելի ուշ:
Խուդաթյանի խոսքով՝ ոռոգման խնդիր ևս չկա: Տարին տեղումնառատ էր, ոռոգման պատասխանատուներն էլ ջրի բաշխումը կատարում են ճիշտ ժամանակին: