Իդրամ ընկերությունը վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց է ներկայացրել ֆեյսբուքյան 2 օգտատիրոջ դեմ՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում: Ընկերությունը պնդում է, որ համակարգի աշխատանքի և անվտանգության վերաբերյալ կես տարի առաջ գրառում և մեկնաբանություն արած Բելլա Մարտիրոսյանն ու Հասմիկ Գրիգորյանը արատավորել են իրենց գործարար համբավը:
Հասմիկ Գրիգորյան - Ես ֆեյսբուքում թողել եմ մեկնաբանություն՝ ընկերուհուս գրառման տակ: Գրառումը իր ամուսնուց «Իդրամով» գումարի հափշտակության մասին էր և իր անունով վարկ ձևակերպելու: Նաև դատի են տվել այն ընկերուհուս, որի գրառման տակ գրել եմ մեկնաբանություն, ու որի համար ինձ են դատի տվել:
Հասմիկ Գրիգորյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ իր ծանոթների «Իդրամի» հաշվից գումար էր հափշտակվում, և դա է պատճառը, որ այս անգամ որոշել է հանրայնացնել խնդիրը՝ անվտանգության համակարգի վերաբերյալ մեկնաբանություն թողնելով: «Իդրամ»-ում, մինչդեռ, այլ տեսակետ ունեն:
Աղանիկ Ավետիսյան («Իդրամ» ընկերության ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար) - Իր կողմից կատարված գրառման մեջ պարզապես սուբյեկտիվ ենթադրություններ չէ, որ միայն առկա էին անվտանգության մասով, առկա էր նաև վիրավորական արտահայտություն, որն իր հատկանիշներով ընկերության բարի համբավը ուղղակիորեն արատավորելու տարրեր է պարունակում: Այն, թե դա այդպես է թե այդպես չէ, արդեն կոնկրետ իրավասու մարմինը՝ կոնկրետ դեպքում դատարանը կորոշի:
Չնայած «Իդրամ» ընկերության պնդմանը, թե անվտանգությունից բողոքող բոլոր քաղաքացիներն անձամբ են իրենց տվյալները փոխանցել զեղծարարներին, Բելլա Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը, վկայակոչելով Բելլայի ամուսնու դեպքը, հավաստիացնում է՝ տվյալներ, կոդեր, գաղտնաբառեր չեն տրամադրվել: Ըստ փաստաբանի՝ դատական գործի համար հիմք դարձած գրառման մեջ ոչ մի խնդրահարույց բան չկա:
Գագիկ Մելիքյան (Բելլա Մարտիրոսյանի ներկայացուցիչ) - Բելլան օգտագործել ա իրավաչափ արտահայտություններ: Այն հանգամանքը, որ «Իդրամի» միջոցով Բելլա Մարտիրոսյանի ամուսնուց առանց որևէ նույնականացման տվյալ տալու հափշտակվել է 1 մլն 300 հազար դրամ, որը հետո վերականգնվել է, արդեն խոսում է էն մասին, որ զեղծարարությունը կատարվել է անվտանգության թույլ համակարգ ունենալու պատճառով:
Ըստ Մելիքյանի՝ եթե անգամ քաղաքացիներն իրենց մեկնաբանություններում անզգույշ կամ կշռադատված չեն, դրանից ընկերությունը պետք է հետևություններ անի, հատկապես որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քիչ չեն գործերը, որտեղ զեղծարարները խաբեություններն իրականացրել են հենց «Իդրամ»-ի միջոցով: Ընկերությունում, սակայն, պնդում են՝ չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, և ըստ այդմ՝ իրենց անվտանգության համակարգին մեղադրելու իրավունք չունեն:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան