«Արամ Խաչատրյան» համերգասրահում են դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը: Համերգից առաջ վերջին փորձն է: Երևանյան հանդիսատեսի համար կհնչեն Մանսուրյանի «Ռեքվիեմը» ու Ռախմանինովի Դաշնամուրի համար 2 կոնցերտը:
Ռախմանինովի ստեղծագործությունը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվախագմբի ու մենակատար Եվա Գևորգյանի կատարմամբ։ Նրա նվագն ունի արտասովոր հնչողություն, քանի որ նա դաշնամուրին ստիպում է խոսել՝ կարծում են դաշնակահարուհու ունկնդիրները։
Եվա Գևորգյան (դաշնակահար) - Երկրորդ անգամ եմ ելույթ ունենալու ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Հայաստանում ելույթ ունենալը յուրահատուկ ուրախություն ու հպարտություն է ինձ համար։ Միշտ երջանիկ եմ այստեղ վերադառնալ։ Հայրս Սևանից է, ես կիսով չափ հայ եմ։
Գևորգյանը դարձել է Շոպենի դաշնակահարների միջազգային մրցույթի՝ պատմության մեջ եզրափակիչ անցած ամենաերիտասարդ մասնակիցը, ճանաչվել է այդ մրցույթի «Հայտնություն»:
Եվա Գևորգյան - Ուղիղ մեկ շաբաթ առաջ ավարտվեց Ռախմանինովի անվան միջազգային մրցույթը Մոսկվայում, այնտեղ դարձա 3-րդ մրցանակակիր։ Այստեղ էլ ներկայացնելու եմ Ռախմանինովի Դաշնամուրի համար 2 կոնցերտը։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը՝ Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ և Վալենսիայի նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Համերգի երկրորդ բաժնում դիրիժորի առաջարկով հնչելու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։ Մաեստրոն այն գրել է հենց Լիբրայխի պատվերով։
Ալեքսանդր Լիբրայխ (դիրիժոր) - Երևանում «Ռեքվիեմը» ներկայացնելը վաղեմի երազանքս է։ Սա հայ ժողովրդի մասին, նրան պատկանող ստեղծագործություն է։ Իր մեջ ունի հույս ու լավատեսություն։ Մենք փորձի ժամանակ ստացանք «Ռեքվիեմի» գույները։ Զգացինք իրական շունչը։
«Ռեքվիեմի» կատարմանը մասնակցում են Հայաստանի պետական կամերային ու Երևանի պետական կամերային երգչախմբերը։ Այդ ամենին հետևում է վարպետը։
Տիգրան Մանսուրյան (կոմպոզիտոր) - Անցյալի քո գործերին վերադառնալը հեշտ պրոցես չի։ Անվերջ փնտրում ես քո հնարավոր բացթողումները, հնարավոր անճշտությունները։ Խմբագրական աշխատանքը մշտապես հետդ է, անշուշտ հետևում ես նաև կատարման որակին։
«Ռեքվիեմն» առաջին անգամ կատարվել է Լիբրայխի ղեկավարությամբ Բեռլինում ու շրջագայել աշխարհում։ Վարպետը գոհ է։ Ասում է՝ Հայաստանում այն հայկական է հնչում։
Տիգրան Մանսուրյան - Ես լատինատառ հնչողության վրա գումարել են հայ մեղեդիական մտածողությունը։ Երբ ես գրում էի, երբեմն ինձ թվում էր՝ լատիներեն լեզուն հայերեն է դառնում երաժշտության ազդեցության տակ։ Այդ աստիճան ես հայերեն եմ երգել։ Իրենք դա գիտեն, զգում են:
Հեղինակ` Անի Ավագյան