Օրվա ամենակարևոր և քննարկվող լուրը՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին հայտարարեց հրաժարականի մասին:
Բորիս Ջոնսոն (Մեծ Բրիտանիայի վարչապետ) - Ակնհայտ է՝ Պահպանողական կուսակցությունը ցանկանում է նոր առաջնորդ, հետևաբար՝ նոր վարչապետ ունենալ: Ընտրության կարգը կներկայացվի հաջորդ շաբաթ: Անփոխարինելիներ չկան, կընտրվի կուսակցության նոր ղեկավար, որը կկարողանա հաջողությամբ հաղթահարել այն դժվարությունները, որոնց բախվել է Թագավորությունը։
Ջոնսոնը հայտնել է, որ կշարունակի կատարել վարչապետի լիազորությունները մինչև կառավարության նոր ղեկավարի ընտրությունը: Նա հավատացրել է, որ չնայած հրաժարականին՝ անձամբ կաջակցի երկրի ապագա առաջնորդի և Պահպանողական կուսակցության ղեկավարի բոլոր նախաձեռնություններին և կանի ամեն ինչ, որ Լոնդոնը շարունակի օգնել Ուկրաինային։
Բորիս Ջոնսոն - Ուզում եմ իմանաք՝ շատ տխուր եմ, որ թողնում եմ աշխարհի լավագույն աշխատանքը: Բայց հպարտ եմ կառավարության ձեռքբերումներով՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային և համազգային դժվար ժամանակները, Brexit-ից հետո Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը, համավարակը, Ուկրաինան: Մեր ապագան հիասքանչ է, նույնիսկ եթե հիմա ամեն ինչ մռայլ է թվում:
Մեծ Բրիտանիայի պատմության ամենասկանդալային վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականի պահանջը հասունացավ անցած շաբաթ Պահպանողական կուսակցության անդամ Քրիս Պինչերի հետ կապված միջադեպի պատճառով։ Նա ալկոհոլի ազդեցության տակ ոտնձգություն էր կատարել երկու տղամարդու նկատմամբ։ Ջոնսոնին մեղադրում են, որ Պինչերին բարձր պաշտոնի նշանակելիս նա տեղյակ է եղել նախկինում այդ քաղաքական գործչի կողմից նման ոտնձգությունների վերաբերյալ։ Ջոնսոնի հասցեին մեղադրանքներ են հնչում նաև լոքդաունի ընթացքում վարչապետի նստավայրում խնջույքներ կազմակերպելու և երկիրը տնտեսական ճգնաժամի եզրին կանգնեցնելու համար:
Եթե նախօրեին Ջոնսոնը հայտարարեց, որ չի հեռանա, սակայն երբ բրիտանական կառավարության շուրջ 60 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարներ, հրաժարական տվեցին, նրան, քաղաքագետների համոզմամբ, այլ տարբերակ չէր մնում։
Դաունինգ Սթրիթում Ջոնսոնի հրաժարականի մասին ելույթը լսելու էին հավաքվել միջազգային լրատվականների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, ինչպես նաև տասնյակ բրիտանացիներ, որոնք հիմնականում ողջունել են հրաժարականի որոշումը:
Ռոս Սուինի (Մեծ Բրիտանիայի քաղաքացի) - Նրա համար բարդ ժամանակներ էին. ո՞վ կարող էր կանխատեսել համավարակը: Չեմ կարծում՝ նրա փոխարեն որևէ այլ վարչապետ կարողանար հաղթահարել ստեղծված իրավիճակը: Բայց ես ուղղակի զարմացած էի, որ նա մինչ օրս զբաղեցնում էր այդ պաշտոնը: Գնալու ժամանակն արդեն եկել էր։
Քոլին Ֆինն - Նա ստում էր, մոլորեցնում բոլորին: Բորիսը գնում է, շատ լավ լուր է, բայց ո՞վ է նրան փոխարինելու... Աստված գիտի:
Քաղաքագետները և Պահպանողական կուսակցության անդամները պատասխանում են՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ջոնսոնին կարող են փոխարինել պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կամ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: Հավակնորդների շարքում երրորդը առևտրի նախարար Պենելոպա Մորդոնն է: