ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՊԱՆՎԵԼ Է
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն, որի դեմ մահափորձ էր իրականացվել, մահացել է հիվանդանոցում: Նա հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում:
Նախկին վարչապետի վրա կրակող 41-ամյա տղամարդը բերման է ենթարկվել։ Նշվում է, որ նախկինում նա ծառայել է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերում:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «աններելի» է որակել Աբեի սպանությունը:
ՌԴ-Ն ԴԵՌ ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԻ ՍԿՍԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ. ՊՈՒՏԻՆ
Բոլորը պետք է իմանան՝ Ռուսաստանը, մեծ հաշվով, դեռ որևէ լուրջ բան չի սկսել՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Այսօր լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում, ի՞նչ կարող ենք ասել՝ թող փորձեն: Մոսկվան, այնուհանդերձ, չի հրաժարվում խաղաղ բանակցություններից, իսկ հրաժարվողները պետք է իմանան՝ որքան շատ ձգձգեն, այնքան ավելի դժվար կլինի Ռուսաստանի հետ պայմանավորվել:
Նախագահը հավատացրել է, որ ռազմական գործողության խնդիրները կկատարվեն, իսկ նպատակը Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումն է։
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինայում հակամարտության ֆոնին Ռուսաստանից հարևան երկրներ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների արտահոսքին:
Վլադիմիր Պուտին - Ոմանք վախենում են, ոմանք էլ կասկածում, որ այստեղ հնարավոր չէ արդյունավետ աշխատել, բայց շատերը վերադարձել են. հարևանների մոտ էլ վատ չէ, բայց տանն ավելի լավ է։
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԶԻՋԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր տարածքները՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ «Ուկրաինացիները չեն ընդունի, որ իրենց տարածքները պատկանեն Ռուսաստանին: Մենք անընդհատ պնդում ենք դա և մտադիր ենք ապացուցել»,- հավատացրել է նախագահը։
Նա ընդգծել է, որ երկրի համար ՆԱՏՕ-ից բացի անվտանգության այլ երաշխիքներ չի տեսնում: «Ֆինլանդիային և Շվեդիային Հյուսիսատլանտյան դաշինք ընդունելը ճիշտ որոշում էր, իսկ Ուկրաինային չընդունելը՝ սխալ»,- ընդգծել է Զելենսկին։
Նախագահը նշել է, որ Վաշինգտոնը զգալիորեն օգնում է Ուկրաինային, սակայն դա բավարար չէ պատերազմում հաղթելու համար։
ԲԱԼԻՈՒՄ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼՈՒ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Բալիում «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպման ժամանակ չեղարկվել է լուսանկարվելու ավանդական արարողությունը՝ հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալով՝ ԱՄՆ պետքարտուղարն ու մի քանի նախարարներ չեն ցանկացել լուսանկարվել Սերգեյ Լավրովի հետ։
Ավելի վաղ Ինդոնեզիայի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ճապոնիայի և ԵՄ ներկայացուցիչները հրաժարվել են նաև մասնակցել Լավրովի մասնակցությամբ գալա ընթրիքին։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՌԴ-Ի ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇ ԿԿԱՌՈՒՑԻ
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական սահմանի պաշտպանությունն ամրապնդելու մասին օրինագծին:
Որոշման համաձայն՝ Reuters գործակալության տվյալով, Ռուսաստանի հետ սահմանին 1300 կմ երկարությամբ արգելապատնեշ կկառուցվի՝ արտակարգ իրավիճակներում փախստականների մուտքը կանխելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Իսրայելը և Թուրքիան երկկողմ ավիացիոն համաձայնագիր են ստորագրել, որն իսրայելական ավիաընկերություններին թույլ կտա վերսկսել թռիչքները թուրքական օդանավակայաններ:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի խոսքով՝ համաձայնագիրը կնպաստի երկու երկրի հարաբերությունների զարգացմանը: Իսրայելի և Թուրքիայի միջև նման փաստաթուղթ ստորագրվել է 1951 թ.-ից ի վեր առաջին անգամ։