Առանց ծածկի շինարարական նյութեր տեղափոխող բեռնատարները տեսուչների խոշորացույցի տակ են:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը երրորդ օրն է՝ խստացված ստուգայցի է: Մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձրացման տվյալներով պայմանավորված՝ տեսչականը վերահսկում է սորուն նյութեր՝ խիճ, ավազ, ցեմենտ կամ շինարարական աղբ տեղափոխող բեռնատարները անթափանց ծածկոցով լինեն:
Օրվա ընթացքում 5 վարչական շրջանում 67 բեռնատար ստուգվեց, իրավախախտում չհայտնաբերվեց: Տեսուչ Գրիգորյանի խոսքով՝ իրազեկման աշխատանքները տվել են սպասելի արդյունքը:
Արտակ Գրիգորյան (ԲԸՏՄ Երևանի տեսուչ) - Այն է, որ շինհրապարակները պետք է պարբերաբար ջրեն, տարածքից դուրս եկող մեքենաների անվադողերը մաքրեն, ծածկեն, էդ աշխատանքների նկատմամբ իրազեկում ենք, արդյունքը երևում ա:
Մինչև այդ սակայն այլ պատկեր է եղել: Տեսչականի տվյալով՝ հունվարից հուլիս 47 իրավախախտում է եղել:
Մեսրոպ Ավագյան (ԲԸՏՄ Երևանի տեսուչ) - 13-ը վերջին երեք օրերին են կազմվել: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն՝ բոլոր մեքենաները, որ տեղափոխում են, պետք է ծածկված լինեն անթափանց ծածկոցով:
Բնապահպանների հետ ստուգայցին նաև պարեկներն են, զուգահեռ ստուգում են վարորդական իրավունքի, հաշվառման փաստաթղթերի առկայությունը:
Շալիկո Եգորյան (պարեկ) - Մեքենայի հաշվառման փաստաթղթերը վարորդի մոտ չէին, սեփականատերը վարորդի հետ էր, արձանագրությունը կազմել ենք ու ճանապարհել, եթե 24 ժամվա ընթացքում բերի՝ արձանագրությունը կբեկանվի:
Տեսչական մարմինը օրվա ստուգայցի արդյունքից գոհ է, սակայն ակտիվ վերահսկողությունը շարունակում է: Նախօրեին կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք, դադարեցվել է գործունեությունը, նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: