ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ
Չնայած Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությանը՝ Տոկիոն կշարունակի նախապատրաստվել խորհրդարանի վերին պալատի ընտրություններին, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին:
«Ժողովրդավարությունը չի վախենում բռնությունից, նախընտրական աշխատանքները կշարունակվեն»,- ընդգծել է վարչապետ Ֆումիո Կիշիդան:
Ավելի վաղ՝ Նարա քաղաքում նախընտրական քարոզարշավի ելույթի ժամանակ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել, նա մահացել է հիվանդանոցում: Աբեի վրա կրակող 41-ամյա տղամարդը, որը նախկինում ծառայել է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերում, բերման է ենթարկվել, նա հայտնել է, որ դեմ է եղել նախկին վարչապետի վարած քաղաքականությանը։
G20-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ ԳԱԼ
G20-ի արտգործնախարարներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ Ուկրաինայում հակամարտության և դրա հետևանքները հաղթահարելու տարբերակների շուրջ։ Associated Press գործակալությունը գրում է, որ դիվանագետները եզրափակիչ կոմյունիկե չեն հրապարակել, չեղարկվել է նաև լուսանկարման ավանդական արարողությունը։
Մասնակիցների մեծ մասը հրաժարվել է ներկա գտնվել Լավրովի մասնակցությամբ գալա ընթրիքին։ ՌԴ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ նախարար Լավրովը նախատեսվածից շուտ է լքել գագաթնաժողովը։
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, հորդորել է կողմերին հաղթահարել փոխադարձ անվստահությունը և գործակցել՝ հանուն խաղաղության:
«Աշխարհը դեռ չի վերականգնվել համավարակից, բայց մենք արդեն բախվում ենք ուրիշ մարտահրավերների՝ պատերազմ, սով, էներգետիկ ճգնաժամ», - մտահոգություն է հայտնել դիվանագետը:
Գագաթնաժողովին տեսակապի միջոցով մասնակցել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան, որը մասնակիցներին կոչ է արել դատապարտել Ռուսաստանի գործողությունները: Չնայած դրան` Associated Press-ի տվյալով` հանդիպման ոչ բոլոր մասնակիցներն են համերաշխություն հայտնել Կիևին:
ՌԴ-Ն ԴԵՌ ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԻ ՍԿՍԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ. ՊՈՒՏԻՆ
Բոլորը պետք է իմանան՝ Ռուսաստանը, մեծ հաշվով, դեռ որևէ լուրջ բան չի սկսել, հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Այսօր լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում, ի՞նչ կարող ենք ասել՝ թող փորձեն: Մոսկվան, այնուհանդերձ, չի հրաժարվում խաղաղ բանակցություններից, իսկ հրաժարվողները պետք է իմանան՝ որքան շատ ձգձգեն, այնքան ավելի դժվար կլինի Ռուսաստանի հետ պայմանավորվել:
Նախագահը հավատացրել է, որ ռազմական գործողության խնդիրները կկատարվեն, իսկ նպատակը Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդումն է։
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինայում հակամարտության ֆոնին Ռուսաստանից հարևան երկրներ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների արտահոսքին.
Վլադիմիր Պուտին - Ոմանք վախենում են, ոմանք էլ կասկածում, որ այստեղ հնարավոր չէ արդյունավետ աշխատել, բայց շատերը վերադարձել են. հարևանների մոտ էլ վատ չէ, բայց տանն ավելի լավ է։
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԶԻՋԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր տարածքները, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ երկրի համար ՆԱՏՕ-ից բացի անվտանգության այլ երաշխիքներ չի տեսնում:
«Ֆինլանդիային և Շվեդիային Հյուսիսատլանտյան դաշինք ընդունելը ճիշտ որոշում էր, իսկ Ուկրաինային չընդունելը՝ սխալ», - ընդգծել է Զելենսկին։
Նախագահը նշել է, որ Վաշինգտոնը զգալիորեն օգնում է Ուկրաինային, սակայն դա բավական չէ պատերազմում հաղթելու համար։
ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՇՈՒՏՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶ ԿՍՏԱՆԱ. ՊԵՏԿՈՎ
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա գազատարի բացումը և դրա միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը վերջ կտա Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհին։
«Սա էներգետիկ անկախության խորհրդանիշ է: Բուլղարիան առաջիկա շաբաթներին այս գազատարով ադրբեջանական գազ կստանա», - ասել է Պետկովը՝ շնորհակալություն հայտնելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին:
Նա նշել է, որ Եվրամիության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցության շնորհիվ մեկնարկում է գործակցության նոր ձևաչափ, որը փոխում է տարածաշրջանի աշխարհագրությունը։