Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուլիսի 6-ի թիվ 246-Ա որոշմամբ «Վան քարտ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։ Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի, առերևույթ դրսևորվել է ընկերության հետևյալ վարքագծով.
OneCard բջջային հավելվածում լիցքավորվող միավորներն անվանվել է կրիպտոուան (CryptoOne), այնինչ այն կրիպտոարժույթ չէ:
Հայտարարվել է, որ սպառողը կարող է իր հաշվի դրական մնացորդն ավելացնել օրական 1%-ով, այնինչ հաշվի դրական մնացորդն ավելանում է ոչ թե 1%, այլ մինչև 1%-ով՝ մինչև 29-րդ օրը ներառյալ, որից հետո միավորների կուտակումը հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից դրական շարժն ապահովելու դեպքում:
Հայտարարվել է, որ OneCard հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած Сash Back միավորները:
Մեկ CryptoOne-ի իրացման գինը սահմանվել է 2-3 ՀՀ դրամ, այնինչ կանխիկացման դեպքում մեկ CryptoOne-ը համարժեք է մեկ ՀՀ դրամի, իսկ դրանց կանխիկացումը զուգակցվում է բարձր միջնորդավճարների գանձումով:
Հրապարակվել է, որ OneCard բջջային հավելվածում կուտակված միավորներով օգտատերերը կարող են կատարել գնումներ ընկերության գործընկերներից, այնինչ գործնականում OneCard հաշվում կուտակված միավորներով գործընկերներից գնում կատարել հնարավոր չէ։