Չնայած Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությանը՝ Տոկիոն կշարունակի նախապատրաստվել խորհրդարանի վերին պալատի ընտրություններին, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին:
«Ժողովրդավարությունը չի վախենում բռնությունից, նախընտրական աշխատանքները կշարունակվեն»,- ընդգծել է վարչապետ Ֆումիո Կիսիդան:
Ավելի վաղ՝ Նարա քաղաքում նախընտրական քարոզարշավի ելույթի ժամանակ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրականացվել, նա մահացել է հիվանդանոցում: Աբեի վրա կրակող 41-ամյա տղամարդը, որը նախկինում ծառայել է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերում բերման է ենթարկվել, նա հայտնել է, որ դեմ է եղել նախկին վարչապետի վարած քաղաքականությանը։
ԹՈՒՐՔԻԱՆ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՑ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻՑ
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հստակ քայլեր է ակնկալում Ֆինլանդիայից և Շվեդիայից՝ Բալիում G20-ի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։
«Մադրիդում եռակողմ հուշագիր է ստորագրվել, ինչ կապակցությամբ շնորհավորել ենք Ստոկհոլմին և Հելսինկիին, իսկ հիմա արդեն նրանց հերթն է գործելու»,- նշել է արտգործնախարարը։
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ չնայած անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը, Թուրքիան չի համաձայնի սկանդինավյան երկու երկրի անդամակցությանը դաշինքին, եթե Ֆինլանդիան և Շվեդիան ահաբեկչական չճանաչեն Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և չվերացնեն Անկարայի դեմ զենքի մատակարարումների էմբարգոն:
Մինչ այդ Բունդեսթագը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը վավերացնող օրինագծին։ Գործընթացը կվերջնականացվի, երբ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստորագրի արձանագրությունը։
ՊՈՒՏԻՆԻ ԽՈՍՔԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԵՎ ԿԻԵՎԻՆ. ՊԵՍԿՈՎ
Վլադիմիր Պուտինի խոսքը, որ Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ գործընթաց չի սկսել Ուկրաինայում, նշանակում է, որ Մոսկվայի և Կիևի կարողությունները նույն հարթության վրա չեն՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի ներուժն այնքան մեծ է, որ առայժմ դրա միայն մի փոքր մասն է օգտագործվել Ուկրաինայում հակամարտության ընթացքում։
Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել է, որ Պուտինի խոսքերն ուղղված էին արևմտյան երկրներին և Կիևին, որոնք, Պեսկովի համոզմամբ, պնդում են, թե Ուկրաինան պետք է հաղթի մարտի դաշտում։
«Այս բոլոր հայտարարություններն անհեթեթ են, դրանք ուղղակի ավելի են տանջում ուկրաինացի ժողովրդին»,- նշել է խոսնակը։
ՄՈԼԴՈՎԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՆՈՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՍՏԱՆԱԼ
Մոլդովայի ռազմական ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ առաքելություն են իրականացնում, արևմտյան հրաձգային զինատեսակներ են ստանում, ակնկալում են հրետանային միջոցների մատակարարումներ՝ հայտարարել է Մոլդովայի պաշտպանության նախարարության պետքարտուղարը։
Վալերի Միժայի խոսքով՝ այժմ զինծառայողները ստիպված են կիրառել խորհրդային սպառազինություն, որն արդեն հնացել է։
ՌԴ ԱԳՆ-ից ավելի վաղ կասկած էին հայտնել, թե Մոլդովայում Արևմուտքի քաղաքականությունը կամրապնդի երկրի անվտանգությունը։ Գերատեսչության կարծիքով՝ դա նաև բարենպաստ մթնոլորտ չի ստեղծում Մերձդնեստրի հարցի շուրջ բանակցություններում առաջընթացի համար։