Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ռազմավարության գերակայությունները, նախատեսվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները։
Անդրադառնալով ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու սահմանված նպատակներին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սա առաջին փորձն է՝ մշակելու առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող, սոցիալական պաշտպանության ոլորտի համալիր ռազմավարական փաստաթուղթ։
Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանխարգելման քաղաքականության իրականացման կարևորությունը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա շրջանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը և սեփական հմտությունների ու կարողությունների զարգացման միջոցով ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը։
«ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության հիմնային սկզբունքներից է մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովումը՝ քաղաքացիների մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։ Մեզ համար կարևոր է մարդու նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտն ընկած յուրաքանչյուր կենսափուլի համար առաջարկել համապատասխան միջոցառումներ և ծրագրեր՝ վերջիններիս տարիքին և կարիքին համապատասխան»,- նշել է նախարարը։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս, անդրադառնալով ԱՍՀՆ-ի հետ համատեղ իրականացված աշխատանքներին, նշել է, որ դեռևս 2021 թ. դեկտեմբերից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ներգրավված է եղել ռազմավարության մշակման աշխատանքներում․
«Նախարարության հետ համագործակցությամբ արվել է ամենը, որ ռազմավարության մշակման գործընթացը լինի թափանցիկ և մասնակցային։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համար նույնպես կարևոր է մարդու կյանքի յուրաքանչյուր փուլում բացահայտել առկա հիմնախնդիրները և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց հաղթահարման ուղղությամբ։ Հավասար հնարավորությունների իրավունքի ապահովումն ու սոցիալական պաշտպանությունը պետք է ուղղված լինեն բոլորին՝ հատկապես խոցելի ընտանիքներին և նրանց երեխաներին»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը ներկայացրել է ռազմավարությամբ սահմանված նպատակները, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված հիմնախնդիրներն ու դրանց լուծման տեսլականը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության շարունակական առաջընթացի ապահովմանն ուղղված ծրագրերը։
Հանրային քննարկումը շարունակվել է նախարարի տեղակալների հետ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։