ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է իրականացնել 23 ծրագիր` 135 միջոցառումով, ինչի համար 2023 թ. հատկացվելու է 322,3 մլրդ, 2024-ին` 369,2 մլրդ, 2025-ին` 444,1 մլրդ դրամ: Համեմատելով` նախարարը նշել է, որ 2023 թ. համար նախատեսված գումարը 17,5 տոկոսով ավելի է 2022 թ. հատկացումից: Ոլորտում ամենախոշորը «Տարածքային զարգացում» ծրագիրն է, որի շրջանակում նախատեսված է 69,8 մլրդ դրամ դոտացիա տալ համայնքներին, ինչը 8 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից:
Գալիք տարում համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ: 2022 թ. սուբվենցիաները կազմել են 18 մլրդ դրամ: Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2023 թ. սուբվենցիոն հայտները համայնքներից արդեն ընդունվում են: Ակնկալվում է, որ մինչև ընթացիկ ամսվա 15-ը 2023 թ. հայտերն ամբողջությամբ կընդունվեն: «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով սահմանամերձ համայնքներին նախատեսված է հատկացնել 973 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից մի փոքր քիչ է:
Նախարարն անդրադարձել է նաև մյուս ծրագրերին: Մասնավորապես, եկող տարի հանրապետությունում շարունակվելու է դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագիրը: Այդ նպատակի համար կհատկացվի 11 մլրդ դրամ: 8,1 մլրդ դրամի չափով էլ Կառավարությունն աջակցություն կցուցաբերի խոշորացված համայնքներին:
Եկող տարում նախատեսվել է մոտ 10 մլրդ դրամի պետական գույք վաճառել:
Պատգամավորները նախարարից հետաքրքրվել են թափառող շների, Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակելի շենքերի աղբամուղները փակելու, Երևանում նորակառույց շենքերը գազիֆիկացնելու հարցերով, սահմանամերձ համայնքներում աշխատատեղեր ստեղծելու խնդրով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարին առաջարկել է դիտարկել սահմանամերձ համայնքներում հայտնի ընկերությունների մասնաճյուղեր բացելու հարցը:
«Մենք գիտենք, որ Կառավարությունը ոչ թե աշխատատեղ, այլ աշխատատեղի պայման ստեղծող է: Եվ մեր հարկային արտոնություններն ու միջոցառումներն ուղղված են դրա ապահովմանը: Մենք և դուք չպե՞տք է գտնենք հնարավորություն, որ մեր հայտնի արտադրող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում փորձենք սահմանամերձ համայնքներում այդ ընկերությունների մասնաճյուղեր ունենալ և լուծել զբաղվածության խնդիրը»,- հարցրել է պատգամավորը:
Ըստ նրա` որոշ հայտնի ընկերություններ կարող են դրական արձագանքել այս առաջարկին:
Համաձայնելով պատգամավորի բարձրացրած մտահոգությունների հետ` Գնել Սանոսյանը նշել է, որ սահմանամերձ համայնքներից մարդիկ երբեմն հեռանում են ոչ թե այն պատճառով, որ բնակավայրը սահմանամերձ է, վտանգ կա և այլն, այլ այն պատճառով, որ սակավ են աշխատատեղերը, դպրոցներն ու մանկապարտեզները, ենթակառուցվածքները և այլն: «Այս մտքերն են մեզ հանգեցրել նրան, որ համայնքներում լրջագույն ուշադրություն դարձնենք միջավայրի բարեփոխմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Եվ պատահական չէ, որ սուբվենցիոն ծրագրերում հսկայական, մեծ տեղ է թողնված սահմանամերձ համայնքներին»,- նշել է նախարարը:
Նա պարզաբանել է, որ ամիսներ առաջ Կառավարությունն իրարից առանձնացրել է «բարձրլեռնային» և «սահմանամերձ բնակավայրեր» հասկացությունները, ինչի արդյունքում սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին Կառավարության աջակցության չափն ավելացվել է: «Գրեթե չկա ծրագիր, որ 70 և ավելի տոկոս չէ»,- հստակեցրել է նախարարը:
Գնել Սանոսյանը ներկայացրել է նաև մյուս արտոնությունները, որոնք նպատակ ունեն նպաստելու սահմանամերձ համայնքների զարգացմանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նախարարին առաջարկել է ուշադրություն դարձնել ջրային համակարգի զարգացման հարցին և որակական ցուցանիշներին:
«Օրինակ` կառուցում ենք ջրամբարներ, ինչը շատ լավ է, տրամադրում ենք գումար, բայց կուզեինք իմանալ, թե դրա կառուցման արդյունքում որքա՞ն հողատարածք կջրվի, ինչքա՞ն կավելանա գյուղատնտեսության արդյունավետությունը: Այսինքն` խոսքը նման որակական ցուցանիշներին է վերաբերում»,- ասել է նա: