Հայաստանում կգործարկվի ամբողջովին տեղական հումքով կառուցված առաջին հողմակայանը: Տեղական հումքով է փոխարինվել պտտվող թևերի ավանդական ածխամանրաթելը:
Խաչատուր Մելքոնյան (Air Worker ընկերության ինժեներ-տեխնոլոգ) - Քանի որ մեզ մոտ հնարավորությունները սուղ են, փորձեցինք անել ավելի էժան տարբերակներով՝ բազալտով և ապակե մանրաթելով:
Գաղափարը վաղուց էր հղացել, սակայն ֆինանսական միջոցների պակասը թույլ չէր տալիս իրագործել նախագիծը: Նման հնարավորություն ստեղծվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում:
Արամ Հարությունյան (Air Worker ընկերության հիմնադիր տնօրեն) - Կա հնարավորություն, պետք ա օգտագործել: Առավելևս, որ էս ամեն ինչը բերում ա տեխնոլոգիաների զարգացում:
Ընկերությունը մասնագիտացած է հիմնականում դրոնների արտադրության մեջ: Հաջողված փորձն ու տեխնոլոգիաները կիրառություն գտան նաև հողմակայանների կառուցման մեջ: Պատրաստվել է վակուումային ինֆուզիայի տեխնոլոգիայով: Թևերի երկարությունը 5 մետր է և պետք է դիմակայի 16 մետր-վայրկյան քամու արագությանը: Գեներատորը ևս սեփական ուժերով են պատրաստել: Աշխատանքը ամբողջովին ավտոմատացված է:
Արամ Հարությունյան - Հայաստանի տարածքի ընդամենը 3.5 տոկոսն է նախատեսված հողմային էներգիա արտադրելու համար, հետևաբար պետք ա ընտրել հատուկ տարածք, մենք ընտրել ենք Սեմյոնովկա գյուղի հատվածը:
Ի տարբերություն արևային վահանակներով արտադրվող էներգիայի՝ հողմակայաններով արտադրված էներգիան ավելի թանկ է՝ ասում է Արամ Հարությունյանը: Ծախսատար են և՛ կառուցելը, և՛ շահագործելը: Հենց տեղում նախագծելով և տեղական հումքով արտադրելով՝ որոշ չափով կարողացել են նվազեցնել ծախսերը: Հողմային էներգիայի արտադրությունը Հայաստանում խթանելու նպատակով կայանը շահագործելու շահավետ պայմաններ կառաջարկեն, ինչը նախատեսված է դրամաշնորհային ծրագրով:
Արամ Հարությունյան - ՀՀ քաղաքացին բանկով գնում է կայանը, որը մեր ընկերությունը կառուցում է, և տեղադրում այդ տարածքում և սպասարկում է 20 տարի անվճար, առաջացած եկամուտը փակում է 7-9 տարում կայանի արժեքը:
Որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանում հողմային էներգիայի արտադրությունը, և ի՞նչ ներուժ ունենք: Վերջին ուսումնասիրությունը 2006 թվականին է արվել: Հիմա Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ու Ասիական զարգացման բանկը համատեղ նախաձեռնել են մեր երկրի հողմային էներգետիկ ներուժի ուսումնասիրման ծրագիր:
Կարեն Ասատրյան (Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն) - Նախատեսում ենք Հայաստանի ամբողջ տարածքը ուսումնասիրել:
Հողմային էներգետիկան ռազմավարական ուղղություն է, և Կառավարությունը նախատեսել է մինչև 2040 թվականը, ընդունելի սակագնի դեպքում, ունենալ մինչև 500 մեգավատ հզորությամբ հողմային կայաններ: Չնայած դժվարություններին՝ ոլորտը զարգացնելու հնարավորություններ Հայաստանն ունի՝ ասում է Կարեն Ասատրյանը:
Կարեն Ասատրյան - Փորձելու ենք գտնել ոչ միայն այդ լավագույն տեղանքները, նաև այն ֆինանսական միջոցներն ու ֆոնդերը, որոնք թույլ կտան հնարավորինս մատչելի ձևով կառուցել այդ հողմային կայանները:
Առկա տվյալներով՝ հողմային էներգետիկայի զարգացման ներուժ կա Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան