Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այցելել է Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն և ծանոթացել 2022 թվականի ընթացքում ձեռք բերված նոր սարքավորումներին։ Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղուլյանի ուղեկցությամբ նախարար Անդրեասյանը և փոխնախարար Գրիգոր Մինասյանը շրջայց են կատարել կառույցի տարածքում, ծանոթացել կենտրոնի տասը բաժիններում իրականացվող փորձաքննություններին, յուրաքանչյուր բաժնում առկա խնդիրներին, շենքային պայմաններին, գույքային խնդիրներին և ձեռք բերված նոր սարքավորումներին, որոնց առկայության պարագայում մի քանի անգամ կրճատվել է փորձաքննությունների համար անհրաժեշտ ժամանակը, և էականորեն բարձրացել է դրանց ճշգրտությունը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել գործերի կուտակումներից և գործել բարձր արդյունավետությամբ։
Մասնավորապես ձեռք է բերվել՝ գազային քրոմատրոգրաֆ, որը կատարում է բոլոր տեսակի քիմիական նյութերի, հիմնականում՝ թմրամիջոցների, հոգեմետ՝ խիստ ներգործող և թունավոր նյութերի որակական և քանակական հետազոտություններ բարձր ճշգրտությամբ: Չորացնող պահարան՝ նախատեսված բուսական ծագման թմրամիջոցները հաստատուն քաշի բերելու համար: MSK-3-1 սարքի միջոցով կատարվում են համեմատական հետազոտություններ՝ գնդակի և պարկուճների: Այս գործընթացի նախկին տևողությունը կրճատվել է 4-5 անգամ և այժմ տևում է 5-6 րոպե։ «Իկ ֆուրյե սպեկտրաչափ» սարքը հնարավորություն է տալիս որոշել օրգանական նյութերի տեսակները: Նախկինում այս գործընթացը տևում էր 15-20 րոպե, այժմ ընդամենը 1-2 րոպեի ընթացքում հնարավոր է ստանալ արդյունքը։
Հին քրոմատոգրաֆիական սարքերը փոխարինվել են նոր ավտոմատացված ներարկման համակարգով: «Կրիստալ 5000» սարքն այժմ թույլ կտա նախկին 4-5 ժամ տևողությամբ աշխատանքներն իրականացնել ընդամենը 30-40 րոպեում։
Ռենտգեն ապարատը կատարում է էլեմենտային տարրերի որակական և քանակական հետազոտություն: Նավթամթերքի որակական ցուցանիշների որոշման համար նախատեսված սարքավորումները թույլ են տալիս բաց և փակ հանքանյութերում բռնկման ջերմաստիճանը որոշել: Նավթամթերքի մասազատիչ թորման ավտոմատ հետազոտություն: Նախկինում այս գործընթացը կարող էր տևել 1-2 ժամ, այժմ այն կտևի առավելագույնը 1-3 րոպե։
Հիշեցնենք, որ փորձագիտական կենտրոնի բարեփոխումների շրջանակում դեռևս 2021 թ. Կառավարության որոշմամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատուկ հոգածությամբ բարձրացվել են կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը, իսկ 2022 թվականից մեկնարկած նոր սարքավորումների ձեռք բերումը կրելու է շարունակական բնույթ:
Փորձաքննությունների ժամկետների կրճատմամբ և հետազոտությունների որակի էական բարձրացմամբ՝ Արդարադատության նախարարությունն իր առջև նպատակ է դրել նվազագույնի հասցնել կենտրոնի գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բողոքները: Այցի շրջանակում նախարարը և այցելուները մասնակցել են փորձագիտական կենտրոնի նոր պաշտոնական կայքէջի՝ justexpert.am-ի և տարբերանշանի շնորհանդեսին, այնուհետև Դավիթ Ղուլյանը շնորհակալագրեր է հանձնել կենտրոնի լավագույն աշխատակիցներին՝ կատարած բարեխիղճ աշխատանքի համար։
Նախարարը բարձր է գնահատել կենտրոնի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնել ընդունելության համար։