Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերից մեկում: Արդյունքում՝ Գողթի մանկապարտեզի վերակառուցումը ձգձգվել է, քանի որ կառուցապատող «ԳԵՎ-ԷԼԼ-ՊԼԱՍՏ» ընկերությունը չի պահպանել մրցույթով սահմանված քաղաքաշինական նորմերը:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ) - Հայտնաբերված խախտումները մեծապես առնչվում էին մանկապարտեզի շենքի հուսալիությանը և ամրությանը, որոնք էապես կարող էին վնաս հասցնել ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ մարդկանց:
Մասնավոր ընկերությունը փաստացի շեղվել է նախապես հաստատված նախագծից: Խախտվել է նաև տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման կարգը:
Տեսչական մարմինը ինչպես «ԳԵՎ-ԷԼԼ-ՊԼԱՍՏ»-ին, այնպես էլ տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերություններին վարչական պատասխանատվության է ենթարկել: Վարչական տույժ է նշանակվել նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով՝ 300 հազար դրամով: Տուգանված ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. մեր զանգերին «ԳԵՎ-ԷԼԼ-ՊԼԱՍՏ»-ից այդպես էլ չպատասխանեցին:
Ելենա Զոհրաբյան - Վարչական պատասխանատվությունից զատ, տեսչական մարմինը նաև միջնորդություն է ներկայացրել քաղաքաշինության կոմիտե, որպեսզի «ԳԵՎ-ԷԼԼ-ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն զրկվի կառուցապատման լիցենզիայից:
Գողթի մանկապարտեզի կառուցումը տևական ժամանակ կասեցված է եղել: Հայտարարվել է նոր մրցույթ, որին մասնակցել և հաղթել է «Արտ պլաստ» ընկերությունը: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից վստահեցրին՝ այսպիսի խախտումներն անարձագանք չեն մնալու, ավելին՝ պատասխանատու գերատեսչություններին միջնորդելու են, որ անբարեխիղճ տնտեսվարողները ոչ միայն զրկվեն լիցենզիայից, այլև թերի աշխատանքի դիմաց չստանան ֆինանսական միջոցներ:
Ելենա Զոհրաբյան - Հատկապես սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն, ուսումնասիրվում, ստուգվում է ամենայն մանրամասնություններով շինարարության ամբողջ ընթացքը, որից հետո ավարտական ակտը նոր տեսչական մարմինը պետք է տրամադրի:
Գողթի երկհարկանի մանկապարտեզը հիմնանորոգվում է 2019 թվականից: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 90 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը պետությունն է հատկացրել, մնացածը՝ համայնքը:
Նոր մրցութային պայմանագրի համաձայն՝ կառուցապատողը շենքը պետք է շահագործման հանձնի մինչև այս տարվա հոկտեմբերի 31-ը: