ԱՄՆ-ն զգալիորեն օգնում է Ուկրաինային, սակայն դա բավարար չէ պատերազմում հաղթելու համար։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա սխալ է համարել, որ Ուկրաինան դեռ չի միացել Հյուսիսատլանտյան դաշինքին: «Այժմ ամբողջ աշխարհն օգնում է Ուկրաինային՝ տրամադրելով հումանիտար, ֆինանսական կամ ռազմական աջակցություն, սակայն ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր Կիևը բազմիցս կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ընդունել իրեն դաշինքի մեջ, սակայն այդ հարցում դրական որոշման չի հասել։
Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտի հետազոտողները նշել են, որ Արևմուտքը Ուկրաինային տրամադրել է հայցվող հաուբիցների միայն 21%-ը և բազմակի հրթիռային համակարգերի 11%-ը։ Ընդ որում՝ վերջին շրջանում նկատել է օգնության տրամադրման տեմպերի դանդաղում:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ըստ վերլուծաբանների՝ ռազմական գործողությունների չորս ամիսների ընթացքում տնտեսական կայունությունը պահպանելու համար Ուկրաինային անհրաժեշտ էր 20 միլիարդ դոլար (19 միլիարդ եվրո), մինչդեռ արևմտյան երկրները, Կիևին տրամադրել են 7,6 միլիարդ եվրո՝ բյուջեի կարիքները հոգալու համար պահանջվող գումարի մոտավորապես 40 տոկոսը: