Bloomberg գործակալության տվյալներով՝ Եվրոպական ներդրումային բանկը (EIB) պատրաստ է միջոցներ տրամադրել Կիևին՝ պատերազմից ավերված պետությանն աջակցելու համար, սակայն Եվրահանձնաժողովի բյուջետային բաժանմունքն արգելափակում է այդ վարկը՝ վախենալով Ուկրաինայի ֆինանսական անվճարունակությունից։
Աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովը սովորաբար EIB-ի վարկերի դեպքում Եվրոպական միությունից դուրս գործառնությունների համար երաշխիքներ է տրամադրում ընդհանուր ֆինանսավորման 9%-ի չափով: Բայց այս դեպքում Եվրահանձնաժողովի բյուջետային բաժանմունքը պահանջում է 70%-ի չափով երաշխիք:
Եվրամիությունը պետք է վստահ լինի, որ Ուկրաինայում դեֆոլտի դեպքում կորուստները կփակվեն։
Բացի այդ, գրում է Bloomberg-ը, ԵՄ-ն խնդիրներ ունի Ուկրաինայի կարճաժամկետ ֆինանսավորման համաձայնեցման հարցում և արդեն ժամանակավորապես կրճատել է Կիև ուղարկվող օգնության չափը։ Այսպես, անցյալ շաբաթ կանգնեցվել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության հատկացումը՝ մայիսին հայտարարված 9 մլրդ եվրոյի փաթեթի առաջին տրանշը, քանի որ Գերմանիան արգելափակել է ավելի խոշոր փաթեթը։