Հայաստանի ամենաայցելվող վայրերից մեկը՝ Գառնու տաճար տանող ճանապարհներն այս օրերին որոշ անհարմարություն են պատճառում զբոսաշրջիկներին, դրանք հիմնանորոգվում են 80-ականներից հետո առաջին անգամ:
Աշոտ Ավետիսյան (ՀՏԶՀ տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համակարգող) - Ենթակառուցվածքներով է ապահովվում, որ զբոսաշրջիկները ճանապարհն անցնելուց նորմալ, ասֆալտապատ ճանապարհով անցնեն, իսկ տարածքում արդեն տաղավարների վերանորոգում, տոմսարկղի տեղափոխում, բարեկարգում:
Փոխում են կոյուղագծերն ու ջրատարները, դրա համար է աշխատանքը երկարում: Բարեկարգում են Գառնու տաճար տանող գրեթե բոլոր ճանապարհները:
Արտակ Մարտիրոսյան (շինընկերության գլխավոր ինժեներ) - Ընդհանուր աշխատանքներն իրականացվում են երեք ուղիներով: Ներկա դրությամբ ասֆալտապատում ենք առաջին ուղու ստորին շերտը, որպեսզի փոշուց խուսափենք, հետո արվելու է երկրորդ ուղու աշխատանքները, որտեղ նախատեսված է ոռոգման ուղու կառուցում: Երրորդ ուղին միայն գրունտ ա եղել, հիմա առաջին անգամ ասֆալտ կլինի, լույս, մայթեր:
Տարածքային զարգացման հիմնադրամն այստեղ կյանքի է կոչում տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման 4 ենթածրագիր:
Աշոտ Ավետիսյան - Ակտիվ շինարարության փուլում է այս պահին գտնվում Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգումը, որի արժեքը գրեթե 550 մլն դրամ է:
Ավարտական փուլում են Գառնի-Լանջազատ ճանապարհի և Քարերի սինֆոնիայից «Խոսրովի արգելոց» տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները:
Աշոտ Ավետիսյան - Քարերի սինֆոնիա տանող ճանապարհի համար ծախսվել է 730 մլն դրամ, Գառնի-Լանջազատ ճանապարհի համար՝ 1.9 մլրդ դրամ, Քարերի սինֆոնիայից դեպի Խոսրովի անտառ՝ 250 մլն դրամ:
Արդեն իսկ ավարտվել է Քարերի սիմֆոնիայի տարածքի բարեկարգումը: Տեղադրվել է արգելափակոց: Նախկինում մեքենաներով խցանված տարածքն այսօր զբոսաշրջիկները կարողանում են վայելել ամբողջությամբ:
Զբոսաշրջիկ - Շատ լավ տպավորություն ունեմ, անսովոր տեղ է, անկեղծ ասած, շատ եմ ճանապարհորդել, բայց նման բան չեմ տեսել, ուրախ եմ, որ այստեղ եղա:
Զբոսաշրջիկ - Այստեղ ուղղակի հրաշալի է, մենք Կամչատկայից ենք, մեզ մոտ էլ նման տեղ կա, բայց ձերը շատ մեծ է ու շատ տպավորիչ, փշաքաղվել եմ:
Զբոսաշրջիկ - Անցած ուրբաթ եմ ժամանել Հայաստան՝ Ֆիլիպիններից, միայնակ՝ այսքան հեռու, բայց վայելում եմ ամեն ինչ, մի փոքր անգամ չեմ զղջում, որ այստեղ եմ:
Ընդհանուր առմամբ, Գառնի համայնքում ներդրվում է 3.4 մլրդ դրամ: Իսկ Տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է 53.5 մլն դոլար ընդհանուր արժեքով ծրագիր, որի առաջին փուլով արդեն իսկ բարեկարգվել է Խոր Վիրապի շրջակայքը, վերականգնվել են Դվին պատմական մայրաքաղաքի հուշարձանները, երկրորդ փուլով Դվինում թանգարան, ավտոկայանատեղի, տաղավարներ կկառուցվեն: