Ուժեղացվում է բազմաբնակարան շենքերի պահպանման հանդեպ հսկողությունը: Կառավարության որոշմամբ՝ անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին վտանգի դեպքում կապահովվեն այդ սպառնալիքների վերացման պայմանները:
Տանյա Արզումանյան (Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Անպայման շենքերը պետք է ունենան կառավարման մարմին, մինչ այդ օրենսդրությամբ սահմանված էր, բայց չէր իրականացվում: Անպայման հաշվի առկայությունն է, պետությունը կամ ֆինանսական աջակցություն տրամադրող կողմը անհրաժեշտ է տեսնի, թե ինչքան է բնակիչների հավաքագրումները, պարտադիր է տեխնիկական վիճակի եզրակացության առկայությունը: Հավասար պայմանների դեպքում առաջնահերթություն կտրվի շենքերին, որոնցում բնակչության մասնակցությունն ամենամեծն է:
Հիմա շենքում վթարը, պատահարը վերացվում են բնակիչների հավաքած միջոցներով, եթե դրանք չկան, խնդիրը լուծում է համայնքը՝ պայմանով, որ բնակիչները կամ շինություններից մեկի սեփականատերը վերադարձնեն գումարը: Գործադիրի հունիսի 30-ի որոշմամբ՝ ամրագրվել է, որ բազմաբնակարանների համար պետական նպատակային ծրագրի իրականացման դեպքում պարտադիր է սեփականատիրոջ մասնակցությունը:
Տանյա Արզումանյան - Երբևէ նման մոտեցում չի եղել: Բնակիչը, հոգ չտանելով իր գույքի մասին, միշտ մտածել է, որ եթե վտանգ սպառնա, պետությունը լուծի խնդիրը:
Եթե ընդհանուր բաժնային գույքը, օրինակ՝ աստիճանավանդակը կամ տանիքը, ունի մաշվածության այնպիսի աստիճան, որի չվերացումը կարող է վտանգի հանգեցնել, պետությունը կաջակցի սուբվենցիոն եղանակով. այստեղ ևս պարտադիր է սեփականատերերի մասնակցությունը՝ ընդգծում է Արզումանյանը: Հստակեցվել է ֆինանսավորմանը պետության և սեփականատիրոջ մասնակցության չափը:
Տանյա Արզումանյան - Եթե էներգաարդյունավետության միջոցներով են ուղեկցվում, ապա սեփականատերերի մասնակցությունը՝ առնվազն 5 տոկոս, եթե էներգախնայողության միջոցներ չեն օգտագործվում՝ ապա 10 տոկոս: Սրանով պետությունը խրախուսում է, որ ցանկացած նորոգման, արդիականացման աշխատանք ուղեկցվի էներգախնայողությամբ:
Հայաստանի 19183 բազմաբնակարան շենքից անբավարար տեխնիկական վիճակում են 614-ը, 90-ը ունեն 4-րդ, 524-ը՝ 3-րդ աստիճանի վնասվածություն: Արզումանյանի խոսքով՝ փոփոխության նպատակն է բազմաբնակարանների ընդհանուր բաժնային գույքի նորոգմանը, վթարի վերացմանը պետության մասնակցության դեպքում նախանշել հիմնական սկզբունքները: Որպեսզի այդ աշխատանքները կատարվեն մեկ սկզբունքով, շենքը պարտավոր է կատարել Կառավարության սահմանած նվազագույն պահանջները:
Տանյա Արզումանյան - Պետությունն ասում է՝ եթե ուզում եք, որ ես երբևէ ձեզ աջակցեմ, ապա դուք առնվազն այս քայլերը պետք է արած լինեք: Իհարկե, առաջին հերթին՝ անվտանգային:
Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պետք է կատարվեն անկանխիկ: Յուրաքանչյուր շենք պետք է ունենա առանձին բանկային հաշիվ: Վարչական պատասխանատվության կենթարկվեն կարգը խախտած համատիրությունները՝ շենքերի կառավարման մարմինները: