ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցն ավարտել է Դավիթ Բեկ գյուղում: Այստեղ վարչապետի տիկնոջը դիմավորել են բնակավայրի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանն ու իր կինը:
Աննա Հակոբյանը այցելել է գյուղի մանկական զարգացման կենտրոն, շրջել է կենտրոնում և ծանոթացել առկա հնարավորություններին, զրուցել բնակիչների և երեխաների հետ:
Սահմանամերձ Դավիթ Բեկի զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի և USAID-ի գործակցության արդյունքում: Այն համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, հագեցած է նորագույն սարքավորումներով:
Շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանը զրուցել է գյուղում ապրող երեխաների հետ, խոստացել նրանց ցանկությամբ՝ Երևանից գրքեր ուղարկել և հարստացնել կենտրոնի գրադարանը: Երեխաների հետ լուսանկարվելուց հետո Աննա Հակոբյանը զրուցել է նաև բնակավայրի կանանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին:
Սահմանամերձ Դավիթ Բեկ բնակավայրում 200 տուն կա, որից բնակեցված են 180-ը, հաշվառված է 900 բնակիչ, սակայն փաստացի ապրում են 458-ը:
Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 34 աշակերտ: Դավիթ Բեկում շուտով կարի արտադրամաս կհիմնվի, որտեղ աշխատանքով կապահովվեն տեղի բնակիչները: