Շվեյցարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք նշել և դրական ենք գնահատել Շվեյցարիայի նախագահի և արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի հայտարարությունը, որ սեփականության իրավունքը հիմնարար իրավունք է, և անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների պաշտպանությունը պետության առջև»,- ասել է Բեռնում Ռուսաստանի դեսպան Գարմոնինը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումներն արդյունավետ չեղան։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, սակայն, ZDF հեռուստաալիքի եթերում պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ գերմանացիների դժգոհությանը, հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
Կանադան, չնայած Ուկրաինայի խնդրանքներին, մտադիր է բացառություն անել ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի համար տուրբինների դեմ սահմանափակումներում, գրում է Европейская правда-ն։
Օտտավան բացատրում է, որ այդ որոշումը կօգնի Ռուսաստանին վերականգնելու Եվրամիություն գազի մատակարարումների նախկին ծավալները։ Կիևը դժգոհ է Օտտավայի գործողություններից:
ԱՄՆ պետքարտուղարությունն էլ հաստատել է, որ կուժեղացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: «Մենք շարունակելու ենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Դուգլաս Ջոնսը: