ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթից անմիջապես հետո լքել է G20-ի նիստերի դահլիճը՝ չսպասելով Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի ելույթին, որը նախատեսել էր խստորեն դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Բերբոքը, որը ռոտացիոն կարգով նախագահում է G7 երկրների կազմակերպությունը, համաժողովի նախօրեին ասել էր, որ ձգտելու է հասնել Լավրովի մեկուսացմանը Ինդոնեզիայի գագաթնաժողովում և կգտնի «շատ հստակ խոսքեր՝ հայտարարելու, որ համաձայն չեն միջազգային իրավունքի նորմերի խախտումներին»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան dpa-ին տված հարցազրույցում էլ ասել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ կլքի G20-ի երկրների արտգործնախարարների համաժողովը։ «Երկկողմ բանակցություններ վարելուց և մամուլի առաջ ելույթ ունենալուց հետո նա կհեռանա»,- ասել է Զախարովան:
Սա նշանակում է, որ Ռուսաստանի արտգործնախարարը կեսօրին չի մասնակցի պաշտոնական ընթրիքին և G20-ի նիստերին։
Բալիում համաժողովի մեկնարկից առաջ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին կոչ էր արել շուտափույթ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ «Մեր պարտականությունն է ավելի շուտ ավարտել այս պատերազմը և կարգավորել տարաձայնությունները բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում»,- ասել է նա: