Գինեգործության և խաղողագործության գաղտնիքները հասանելի կդառնան Արմավիրի և Արագածոտնի մարզի աշակերտներին: Այս նպատակով հուլիսի 5-9-ը Վայոց ձորի Արատես դպրոցական կենտրոնում 9-12-րդ դասարանում սովորողների համար «Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ամառային ճամբար: Նախաձեռնության առաջնահերթություններից է մարզերում կյանքն ավելի գրավիչ դարձնել՝ կենտրոնացնելով տեղի ռեսուրսները։
Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք հավատում ենք, որ դեռևս հանրակրթության մակարդակում աշակերտը պետք է ճանաչի այն բնակավայրի, այն համայնքի հնարավորությունները և առանձնահատկությունները, որտեղ ինքը բնակվում է: «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրն աշխատանքի վրա հիմնված յուրօրինակ կրթական մոդել է, որը հնարավորություն է տալիս հենց դպրոցում աշակերտից ստանալ լավ մասնագետ, և այն հմտություններն ու գիտելիքները, որ աշակերտներն արդեն իսկ դպրոցում ձեռք կբերեն, հնարավորություն կտան նրանց՝ իրենց գտնել աշխատաշուկայում և չփնտրել բարեկեցությունը մայրաքաղաք Երևանում, առավելևս՝ արտերկրում:
Ճամբարի մասնակիցները կայցելեն գինեգործարաններ, գաստրոբակեր, խաղողի այգիներ և հնձաններ, կծանոթանան գինեգործության մշակույթին և պատմությանը: Ոլորտի ճանաչված մասնագետներից կստանան տեսական գիտելիքներ ու դրանք կկիրառեն գործնականում:
Վահրամ Թոքմաջյան («Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար) - Այստեղ 11 տարբեր գյուղերի, Արմավիրի և Արագածոտնի մարզի 55 տղաներ և աղջիկներ են, որոնք ունեն հագեցած առօրյա, և ծրագրի հերթական փուլերից մեկն է կոնկրետ այս ճամբարը: Ճամբարի ընթացքում ունեցել են բովանդակային դասընթացներ, որոնք առնչվում են ծրագրին, ծրագրային բաղադրիչներին: Սեպտեմբերից նրանց մի մասը դպրոցներում, առանձին ուսումնական ծրագրով, երևի թե խմբային ուսուցման բաղադրիչով ուսումնասիրելու է այս դասընթացները:
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ամառային ճամբարում, մասնագիտական դասընթացներին զուգահեռ, պատանիները կմասնակցեն նաև ինտերակտիվ քննարկումների, ինտելեկտուալ և մարզական խաղերի, արշավների, որոնց միջոցով կճանաչեն միմյանց, կբացահայտեն նաև հայրենի բնությունն ու շրջակա միջավայրը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան