2008-ից «Էրեբունի» հնավայրում մեկնարկած հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումներն այս տարի ավարտվում են: Հնագետների խումբը հիմնականում աշխատել է ամրոցում, իսկ վերջին մեկ տարում՝ Էրեբունու արտաքին բնակավայրում:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Էրեբունիում ամեն մեկը չի, որ կարա պեղի, սա երազանք ա հնագետի համար:
Պեղումների ավարտին արշավախումբը միջնաբերդում հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ ներկայացնելու արդյունքները: Գլխավոր նպատակն էր վերստուգելու խորհրդային տարիների պեղումները, միևնույն ժամանակ պարզելու՝ կա՞ն արդյոք անհայտ շերտեր:
Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Ես կարևորում եմ Ֆրանսիայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև գործակցությունը: Խոսքը հնավայրի պահպանման մասին է, որը մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Կարծում եմ, որ սա լավ առիթ է նաև համադրելու հայկական և ֆրանսիական աշխատելաոճերը գիտական և հետազոտական ոլորտներում:
Ֆրանսիական թիմը հայ հնագետների հետ գործակցում է 1998-ից, աշխատել են Շիրակում՝ Բենիամին հնավայրում: Եվ արդեն 14 տարի՝ նոր շերտեր են բացահայտում Էրեբունիում: Հայաստանում երկարամյա աշխատանքի համար ֆրանսիացի պրոֆեսորը երկու պատճառ է նշում: Նախ՝ գիտական գործակցություն, մյուս կողմից՝ անհայտ փաստեր, որոնց պատասխանը հնարավոր է գտնել միայն պեղումների միջոցով:
Ստեֆան Դեշամ (հնագետ) - Մեզ համար կարևոր է հասկանալ Ուրարտական թագավորությունից Աքեմենյան թագավորություն անցման այդ կարևոր ժամանակաշրջանը: Գրեթե մեկ դար, որի մասին տեղեկություն չունենք: Պեղումների արդյունքները համընկնում են Մովսես Խորենացու վարկածի հետ:
Արշավախմբի պեղումները ցույց են տվել, որ Էրեբունին Երվանդունիների ժամանակ եղել է տարածաշրջանի կարևոր կենտրոն: Հնագետները բացատրում են՝ ինչու ստեղծվեց Կարմիր բլուրը: Պարզվում է՝ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ իրեր «էրեբունիից» տեղափոխվել են Կարմիր բլուր: Արդեն երկրորդ տարին է՝ պեղումների բյուջեն նկատելի ավելացել է՝ նշում է թանգարանի տնօրենը: Կտեղադրվեն ցուցանակներ, կլինի նոր կահավորում: Միքայել Բադալյանը հիշեցնում է՝ հնավայրը Երևանի ու Հայաստանի դեմքն է:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - էստեղ մենք շեշտը ավելի շատ մեր ֆրանսիացի գործընկերոջ հետ պետք ա դնենք հուշարձանի կոնսերվացման, ռեստավրացիայի, վերարժևորման վրա, մենք պետք ա էն տենդենցից հեռու մնանք՝ պեղենք, պեղենք, բայց պեղելուց բացի պետք ա տեր լինենք և հոգանք մեր պեղածին:
Հայ-ֆրանսիական պեղումներն ավարտվում են, բայց գործակցությունը կշարունակվի: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նոր հետազոտական ծրագիր է մշակվում առաջիկա 4 տարվա համար: Ֆրանսիական կողմը կօգնի թանգարանին զարգացնելու թանգարանագրությունը և ցուցադրելու նոր նմուշները: