Արցախի կառավարությունն աջակցում է սեփական միջոցներով տուն կառուցող ընտանիքներին: Կառուցապատման 50 և ավելի տոկոսը կատարելուց հետո շահառուներն անհատույց ստանում են 5 միլիոն դրամ: Իվանյանում ապրող Սահակյանների ընտանիքը դրամաշնորհն օգտագործել է տան ներքին հարդարումը կատարելիս:
Արմինե Սահակյան (Իվանյանի բնակիչ) - Արդյունքում ունեցանք բավականին լուսավոր տուն: Ցանկալի է, որ բոլորն ունենան, բոլորն էլ կարողանան այս ծրագրից օգտվել: Հաճելի է, երբ պետությունը մտածում է իր քաղաքացիների մասին:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գնահատմամբ՝ սա բնակարանային խնդրի լուծմանն ուղղված արդյունավետ ծրագիր է:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս տարվա բյուջեով 750 միլիոն դրամ է նախատեսված, այսինքն՝ 150 տան համար է գումար նախատեսված, բայց 400-ից ավելի դիմումներ ունենք, և ստիպված էինք կանգնեցնել դիմումների ընդունումը, որպեսզի ծրագիրը կարողանանք սպասարկել, այնուհետև վերսկսել: Ակնհայտ է, որ ծրագիրը լրացուցիչ գումարների կարիք ունի, և մյուս տարվա բյուջեով ավելի մեծ գումարներ կնախատեսենք:
Եթե նախկինում ծրագրից կարող էին օգտվել միայն շրջաններում, 2021-ից այն հասանելի է նաև Ստեփանակերտի բնակիչներին:
Տան շինարարությունը Մինասյանները սկսել էին 2020-ի պատերազմից առաջ:
Արսեն Մինասյան (ծրագրի շահառու) - Դրսի գործերն են մնացել, ներսի աշխատանքները լրիվ ավարտված են:
Աջակցությունը շահառուները ստանում են երկու փուլով: 2.5 միլիոնը տրամադրելուց հետո ստուգվում է՝ արդյոք նպատակայի՞ն է ծախսվել այն, որից հետո միայն փոխանցվում է մյուս մասը:
Ծրագիրը պարտադիր այլ պահանջներ էլ ունի, որ բնակարանային ֆոնդն արդիականանա, իսկ միջոցները ծառայեն նպատակին:
Հայկ Խանումյան - Պարտադիր, մենք նախագիծ ենք ուզում, նախահաշիվ ենք ուզում և հետևում ենք բոլոր փաստաթղթային փուլերին՝ շինթույլտվության առկայություն, նախագծի առկայություն և այլն:
2021-ին պետական այս ծրագրից առավել շատ օգտվել են Մարտունու և Մարտակերտի շրջանների բնակիչները՝ ասում է Հայկ Խանումյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետները պարբերաբար լինում են գյուղերում, որ փաստաթղթային հարցերով օգնեն բնակիչներին: