44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողը, եթե առողջական որևէ գանգատով հիվանդանոց է դիմում, նրա բուժումը հիմա նույնպես իրականացվում է պետպատվերով։ Նշանակություն չունի՝ ցավերը, պահանջվող միջամտությունը մարտերի ընթացքում ստացած վնասվածքներից հետո պահանջվող ևս մեկ զննությա՞ն համար է, մարմնում մնացած արկի բեկորների պատճառո՞վ, թե՞ պացիենտն այս ընթացքում լրիվ այլ հիվանդություն է ձեռք բերել։ Մարդկանց այս խմբին հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ամբողջ ցանկը, ինչից օգտվողներ կան՝ վիճակագրությունն է ներկայացնում առողջապահության փոխնախարարը։
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - 44 օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 2022 թվականի ընթացքում շուրջ 2000 անձ է բուժօգնություն ստացել, եղել են և՛ անհետաձգելի սրտային ծառայություններ, և՛ ընդհանուր հիվանդանոցային ծառայություններ, և՛ դժվարամատչելի ծառայություններ:
Պետպատվերի այս հնարավորությունը, Նազարյանը հիշեցնում է, Արցախյան վերջին պատերազմի ժամանակ վիրավորված և զինծառայողների համար է, և կամավորների։ Նրանց թիվը, ըստ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների՝ մոտ 11 հազար է։ Տվյալ խմբի անձինք բժշկական աջակցություն կարող են ստանալ հանրապետության բոլոր կլինիկաներում, որտեղ իրենց հարմար է, որտեղ մատուցում են առողջապահական անհրաժեշտ ծառայությունը։
Արմեն Նազարյան - Ուզում եմ մեկ անգամ ևս փաստել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած բոլոր անձինք ինչպես մինչև հիմա, այնպես էլ այսուհետև օգտվելու են պետպատվերի իրավունքից:
Նազարյանը վստահեցնում է՝ 44-օրյային վիրավորվածների պետպատվերն անմիջապես հաստատում, անհրաժեշտ բժշկական միջամտությունն արագ կազմակերպվում է անհետաձգելի բոլոր դեպքերում։ Միայն երբ խնդիրը հրատապ չէ, ասենք՝ պլանային վիրահատության կարիք կա, հերթագրում են, որ կարգավորեն հիվանդանոցների թողունակությունն ու ծանրաբեռնվածությունը։