Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 13.3 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին: «Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրել է, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար կհատկացվի 4.1 միլիարդ դրամ:
«Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասել է Գնել Սանոսյանը:
Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին, Արմավիր 26.874կմ, Մ-12 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս, Քարաշեն, Տեղ 16,850կմ, Հ-32 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գյումրի, Վահրամաբերդ 10,684կմ և այլ հատվածների համար:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքներին, որի համար միջազգային մրցույթ է հայտարարված:
«Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կապսի ջրամբարի կառուցման առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:
«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է որ այս նախագիծը շատ հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել, քաղաքաշինական նոր մշակույթ ձևավորենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին և պահանջներին», - ասել է կառավարության ղեկավարը: