Այսօր արդեն երկրորդ անգամ Վանաձոր համայնքում չկայացավ ավագանու նիստը: Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Նիստը հրավիրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից: Նիստի օրակարգում էր քաղաքում 2.6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Ծրագրերով նախատեսվում էր վերանորոգել մի քանի՝ խիստ անբարեկարգ վիճակում գտնվող փողոցներ, մի տնակային մանկապարտեզ հիմնովին վերակառուցել, սպորտային դահլիճ վերանորոգել, Վանաձորի համար գնել 5 աղբահան մեքենա:
Այս ամենը չկայացավ, որովհետև քաղաքական դաշինքներից մեկն ուղղակի չի ներկայանում նիստին, չի ներկայանում տարօրինակ պատճառաբանություններով: Ցանկացած մեկը, ով մեքենա է վարել Վանաձորի փողոցներով, կասի, որ դա ուղղակի խայտառակություն է»,- ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորը վանաձորցիներին կոչ արեց այդ խմբակցությունից պահանջել պատասխանատվություն ցուցաբերել: