Վանաձորի ավագանու նիստը դարձյալ չի կայացել: Քվորում ապահովելու համար չի բավարարել 1 ձայն։ Նիստին ավագանու 33 անդամից ներկա են եղել 16-ը: «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները կրկին բոյկոտել են այն:
Օրակարգում 23 հարց էր, այդ թվում՝ Վանաձոր խոշորացված համայնքի այս տարվա բյուջեի նախագծի և սուբվենցիոն ծրագրերի հաստատումը։
Հիշեցնենք՝ Վանաձորում նման իրավիճակ է ստեղծվել նախորդ տարվա դեկտեմբերից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վիճարկել է խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները, որի պատճառով նիստեր չէին հրավիրվում: Բացի այդ, կալանավորվել է ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը՝ պաշտոնավարման նախկին ժամկետի ընթացքում լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի համար:
Մայիսի 13-ին «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» փոփոխության հիմքով, վարչապետի որոշմամբ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը: