Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և պաշտպանության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:
Գտնում ենք, որ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը»,- ասաց նա:
Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում: