Մեծպարնեցի Սոֆիկի ընտանիքը հողագործությամբ միշտ է զբաղվել։ Այս տարի 1 հա հողամասում բազուկ են ցանել և օգտվել մատչելի գնով պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրից: 30 պարկ ազոտական պարարտանյութ են գնել՝ մեկ պարկի համար վճարելով 10000 դրամ։
Սոֆիկ Ուստյան (Մեծ Պարնի համայնքի բնակիչ) - Երկու հողաբաժնի համար էլ վերցրել ենք, լրիվ հողակտորների համար վերցրել ենք։ Հույս ունենք, որ կարդարացնի, էլի։ Առանց պարարտանյութի հնարավոր չի, էլի, հողը հոգնել ա, մշակըմ են, ամեն տարի էլ ցանըմ են, պետք ա պարարտանյութ ըլնի, որ հողը բերրի ըլնի, էլի։
Արմեն Մկոյանն էլ արդեն երկար տարիներ կարտոֆիլ, բազուկ ու ցորեն է ցանում։ Անցած տարի մոտ 35 տոննա կարտոֆիլի բերք է ստացել։ Այս տարի ավելին է ակնկալում: Չի հասցրել օգտվել պարարտանյութի պետական սուբսիդավորման ծրագրից և պարարտանյութի մեկ պարկը ձեռք է բերել 15000 դրամով։
Արմեն Մկոյան (Մեծ Պարնի համայնքի բնակիչ) - Պարարտանյութը ձեռք ենք բերել մեծ դժվարությամբ։ Պետության սուբսիդիայից չհասցրեցինք օգտվել։ Էստեղ էլ չէր ճարվում, զոռով Գյումրիից ենք գնել։ Մեր հողերում սենց ա, եթե մենք պարարտանյութ չտանք, բերք չենք կարա ստանանք։
Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերում այս տարի ազոտական պարարտանյութի 15000 պարկի պահանջարկ են ունեցել։
Հովիկ Հովհաննիսյան (Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ) - Գյուղատնտեսությունը Սպիտակի տարածաշրջանում մեծ թափով առաջ է ընթանում։ Այս տարի օգտվել են ազոտական պարարտանյութի աջակցման ծրագրից։ Քանի որ մեզ ունենք մատակարար, առաջարկել էր ազոտական պարարտանյութի 20000 դրամ, բայց բնակիչներից մենք գանձում ենք 10000 դրամը, 10000 դրամը պետությունը սուբսիդավորում էր ամեն բնակչի, ամեն պարկի համար։
Ազոտական պարարտանյութի տրամադրման վերջնաժակետը հունիսի 15-ն էր, մարզում այն ամբողջապես սպառվել էր դեռ հունիսի 5-ին։
Գոռ Ասրյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Լոռու մարզում նախնական հայտը եղել է 2500 տոննա, ընդհանուր առմամբ տվել ենք 2320 տոննա պարարտանյութ։ Այս տարվա ընթացքում պարարտանյութի գինը կտրուկ աճել է։ Շատ-շատ քիչ՝ եզակի անհատներ են եղել, որոնք պարարտանյութը ձեռք են բերել ոչ պետական աջակցության ծրագրով, այդ էլ այն պատճառով, որ իրենք ձեռք են բերել աջակցության ծրագրից ավելի շուտ։
Փոխմարզպետի խոսքով՝ մարզում ավելացել է գյուղատնտեսական ապահովագրության շահառուների թիվը:
Գոռ Ասրյան - Իրենց ցանքատարածությունները գյուղացիները սկսում են ավելի շատ ապահովագրել, որովհետև այսօր կարկտահարության, ցրտահարության, երաշտի, հրդեհի դեպքում միակ երաշխիքը ապահովագրությունն է, իսկ ապահովագրագումարի 60 տոկոսը պետությունը սուբսիդավորում է։
Լոռու մարզում ավելանում է նաև մշակվող ցանքատարածությունների քանակը, տնտեսվարողները սկսել են ավելի շատ օգտվել պետական աջակցության ծրագրերից։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան