Փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և ղեկավարման օղակը դարձնել վերից վար: Այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում ԶՈՒ-ն ենթարկել նախարարին: Նախ՝ ԶՈՒ-ն ենթարկվում է նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո՛, ԶՈՒ-ն պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին: Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»,- ասաց Պապիկյանը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Նախարարն իր խոսքում ընդգծեց նաև ընդդիմադիրների՝ քննարկմանը ներկա լինելու անհրաժեշտությունը:
«Պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները գային այստեղ՝ քննարկումներ, առաջարկներ անելու:
Նրանց քաղաքական օրակարգը, վստահ եմ, ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ ՀՀ իշխանություններին ձախողման հանգեցնելը»,- ասաց Պապիկյանը: