ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: