Ինչպես պայքարել ապատեղեկատվության դեմ. հարց, որն արդիական է: Մշակվել է ռազմավարություն, հստակ կանոնակարգել անելիքները, նախանշել նպատակները, որոնցից գլխավորն է ապահովել Կառավարության պատշաճ արձագանքն ապատեղեկատվությանը՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ռիսկերը։
Շուշան Դոյդոյան (Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ) - Առաջին ուղղությունը, որի վրա խարսխվում է ապատեղեկատվության դեմ պայքարը, պետական ինստիտուտների հզորացումն է, նրանց կարողությունների, մարդկային, տեխնիկական ռեսուրսների հզորացումն է, որի նպատակն է հաղորդակցության բարելավումը, տեղեկատվության մատչելիության բարելավումը և պրոակտիվ թափանցիկության բարելավումը:
Երկրորդ ուղղությունը պետություն-քաղհասարակություն և մասնավոր հատված գործակցության խթանումն է՝ ասում է Դոյդոյանը: Ըստ նրա՝ այդ կապը պետք է կենսական նշանակություն ստանա:
Շուշան Դոյդոյան - Մեծ դեր ենք հատկացրել հատկապես մասնավոր բիզնեսին, հատկապես ՏՏ-ում ներգրավված ընկերություններին, որոնք էական դեր կարող են ստանձնել հատկապես արհեստական բանականությունը օգտագործելու առաջնային նորարարական գործիքներ ստեղծելու նպատակով, որոնք կարող են նպաստել և՛ Կառավարությանը, և՛ քաղաքացիներին արագ հայտնաբերելու կեղծ լուրերը, թացը չորից տարբերելու և արագ դրանց հանդեպ դիմակայություն ձևավորելու համար:
Երրորդ կարևոր ուղղությունը մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է, որը պետք է սկսել դպրոցից: Այսօր ռազմավարությունը ոչ միայն ներկայացվում է հանրությանը, այլև վերածվում է միասնական հարթակի՝ քննարկումների, առաջարկությունների, լրացումների համար:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Հիմա մեզ անհրաժեշտ է ռազմավարություն, որպեսզի բոլոր մարմինները համապարփակ արձագանքեն էս իրողություններին և նվազագույնի հասցնեն ապատեղեկատվության ազդեցությունը հասարակության վրա: Նույն հետազոտությունները ցույց են տալիս, որ ապատեղեկատվությունը իրականում շատ այլ ոլորտների վրա էլ է ազդում՝ սկսած հանրային տրամադրություններից, տնտեսության վիճակից և այլն, և էս ռազմավարությունը միտված է լինելու դրան:
Երկամյա ռազմավարությունը մշակելիս Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ակտիվ գործակցել է նաև վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ:
Գոռ Ծառուկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն) - Դրանց պատճառներից մեկը նաև Կառավարության և պետական գերատեսչությունների հաղորդակցության խնդիրներն են, որոնք մենք արձանագրել ենք, որոնց մասին մենք տեղյակ ենք և որոնց շտկման ուղղությամբ ևս քայլեր ենք ձեռնարկում:
Մասնագիտական խումբը երկու տարի կաշխատի ռազմավարության համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու ուղղությամբ: Հայաստանը, ի դեպ, Արևելյան գործընկերության երկրների շարքում միակն է, որտեղ արդեն մշակվում է ապատեղեկատվության դեմ պայքարի համազգային ծրագիր: Ռազմավարությունը մշակած խումբը ակնկալում է ակտիվություն բոլոր շահագրգիռ կողմերից: