ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, նշեց, որ իրեն են դիմել ձու արտադրող փոքր ընկերություններ ու դժգոհել, որ ոլորտի խոշոր ընկերություններն ինքնարժեքից ցածր գնով ձու են վաճառում առևտրի ցանցերում:
«Չկա նման արտահայտություն՝ Հայաստանում ձվի ինքնարժեքը: Դա տնտեսվարող սուբյեկտներն են ասում՝ եկեք սահմանենք այսքան դրամ: Կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի մոտ կոնկրետ ապրանքի ինքնարժեքը շատ հեշտ է հաշվարկել, և դրա հստակ մեթոդաբանություն կա, որը և իրականացնում ենք: Եվ եթե հասկանում ենք, որ սահմանային գնից տևական ժամանակ ավելի էժան են վաճառում, դա կարող է դեմպինգ որակվել: Դրա համար պատասխանատվություն կա: Պատասխանատվության ծավալը հետևյալն է՝ նախորդ տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Դա բավականին ծանր տուգանք է: Ընդ որում՝ եթե լինի տնօրենի կողմից կանխամտածված, կարող է նաև Քրեական օրենսգրքով նախատեսված արարք որակվել»,- ասաց Գևորգյանը:
ՄՊՀ նախագահը նաև նշեց, որ հանձնաժողովն իրավասու չէ զբաղվելու գնի կարգավորմամբ:
«Կարող է զբաղվել միայն դեմպինգի պարագայում, այսինքն՝ երբ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը չարաշահում է իր ունեցած դիրքը շուկայում՝ այլ մասնակիցներին դուրս մղելու համար»,- ասաց նա: