Նոր հնարավորություններ՝ հայ-նիդերլանդական տնտեսական հարաբերություններում: Հայաստանում բացվել է Նիդերլանդա-հայկական առևտրի պալատը: Մեր երկրում Նիդերլանդների դեսպանի խոսքով՝ նպատակն է խթանել երկկողմ գործարար կապերի ամրապնդումը, ներգրավել ներդրումներ, զարգացնել առևտրային հարաբերությունները:
Նիկոլաս Սխերմերս (ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանում են Նիդերլանդների բիզնես համայնքի ներկայացուցիչներ, որոնք կփորձեն գործակցության եզրեր գտնել հայ գործարարների հետ: Այսօր ներկայացնում ենք այն հնարավորությունները, որոնք թույլ կտան մեր գործարարներին ներդրումներ իրականացնելու Հայաստանում:
Նիդերլանդները գյուղատնտեսական մթերքների երկրորդ արտահանողն է աշխարհում և կարող է իր փորձով օգտակար լինել Հայաստանին՝ նշում է դեսպանը:
Նիկոլաս Սխերմերս - Չնայած շուկայի փոքր լինելուն, Հայաստանում հնարավորությունները մեծ են: Զգալի պոտենցիալ կա գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության և զբոսաշրջության ոլորտներում:
Հայաստանում արդեն երկար տարիներ Նիդերլանդների կառավարության ֆինանսավորմամբ գործում է Նիդերլանդների ավագ փորձագետների PUM հիմնադրամը, որի նպատակն է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կազմակերպության մասնագետները յուրահատուկ կապող օղակ են երկու երկրների միջև՝ ընդգծում է էկոնոմիկայի փոխնախարարը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Համոզված եմ, որ մեր այսօրվա քննարկումները և բիզնես միջավայրի գործակցությունը ոչ միայն այսօրվա խնդիրներին են վերաբերելու, այլ ավելի հեռանկարային:
Առաջին անգամ մեր երկրում գործունեությունն է սկսել նաև նիդերլանդական Invest international պետական ներդրումային հիմնադրամը, որը ներդրումներ է իրականացնում զարգացող երկրների մասնավոր և պետական հատվածներում: Կազմակերպության հայազգի ներկայացուցչի խոսքով՝ պատրաստ են աջակցելու այն հայ գործարարներին, որոնք ունեն լավ գաղափար:
Սոնա Կրայխեր-Դոլբակյան (Invest international ընկերության ներկայացուցիչ) - Աշխատում ենք հիմնականում հինգ ոլորտում: Հայաստանը ունի շատ բաներ առաջարկելու, Հայաստանը տալու, այդ առումով, լավ շանսեր ունի:
Նիդերլանդական խոշոր ընկերություններից մեկին հետաքրքրել է մեր երկրում շինարարության ոլորտը: Ալեքս Պուգովկինն առաջին անգամ է Հայաստանում: Ասում է՝ հասցրել են ուսումնասիրել օրենսդրական դաշտն ու բիզնես միջավայրը:
Ալեքս Պուգովկին (Kernel ընկերության ներկայացուցիչ) - Մենք ամբողջ աշխարհում շինարարության ոլորտում ներդրումներ ենք իրականացնում՝ առաջարկելով նոր տեխնոլոգիաներ: Աշխատում ենք Ռուսաստանում և Վրաստանում և ոչ մի խոչընդոտ չենք տեսնում Հայաստանում հաջողությամբ գործունեություն ծավալելու համար:
Արտասահմանում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման նպատակով Հայաստան ժամանած հոլանդացի փորձագետները նաև խորհրդատվություն կտրամադրեն հայ գործարարներին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան