ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ հուլիսի 6-ին, այցելել է Սյունիքի մարզ։
Գորիսում նրան դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Ղազարյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցն ու այլ պաշտոնյաներ։
Վարչապետի տիկնոջ առաջին կանգառը հայ արձակագիր Ակսել Բակունցի տուն-թանգարանն է եղել: Աննա Հակոբյանին ներկայացվել է թանգարանի պատմությունը։ Այն հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիրը։ Թանգարանում ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը: Գորիսում գտնվող տանը պահպանվել են Բակունցի անկողինը, զգեստապահարանը, մետաքսե վերնաշապիկն ու կենցաղային իրերը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ներկայացվել են Բակունցի և նրա մոր կյանքից դրվագներ։
Այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկնոջը հյուրասիրել են տան բակում աճող վարդի թերթիկներից պատրաստված թեյ, որը Բակունցի մայրը հյուրասիրում էր իր տան հյուրերին:
Շրջայցի վերջում Աննա Հակոբյանին նվիրել են Ակսել Բակունցի գրական ժողովածուները։